Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետության կողմից Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին իրականացվող բարեփոխումները նպաստում են ներդրումների համար ավելի կանխատեսելի և գրավիչ բիզնես միջավայր ստեղծելուն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին տեսաուղերձում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Քիշնևում կայացած «Մոլդովայի բիզնես շաբաթ»-ի 11-րդ միջոցառման բացմանը:
Նա նաև նշել է, որ Մոլդովայում ներդրում կատարող յուրաքանչյուր ոք ներդրում է կատարում եվրոպական հաջողության պատմության մեջ։ Կոսի խոսքով՝ Մոլդովայի Հանրապետությունն արագ առաջընթաց է գրանցել բարեփոխումների իրականացման գործում և ավելի ու ավելի գրավիչ է դառնում ներդրողների համար:
Կոսը հավելել է, որ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված բարեփոխումները ստեղծում են ամուր բիզնես միջավայր՝ բերելով կանխատեսելիություն և իրավական որոշակիություն, ինչպես նաև ամրապնդելով վարչական կարողությունները: Սա թույլ է տալիս գործարարներին զգալ եվրոպական ինտեգրման առավելությունները նույնիսկ մինչև լիիրավ անդամակցությունը:
Միաժամանակ Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն նախապատրաստում է Մոլդովայի Հանրապետությանը տրամադրվելիք զգալի ֆինանսական աջակցության նոր փաթեթ՝ սկսած 2028 թվականից։ Այս աջակցությունը կհաջորդի ԵՄ-ի կողմից հատկացված 1,9 միլիարդ եվրո արժողությամբ «Աճի ծրագրի» իրականացմանը, որը կգործի մինչև 2027 թվականը։
«Այս աջակցությունը պետք է մասնավոր ներդրումներ ներգրավի առանցքային ոլորտներում՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ», - նշել է Կոսը։
Նա ընդգծել է, որ Մոլդովան շատ բան կարող է առաջարկել միջազգային ներդրողներին։
«Դուք ունեք ռազմավարական դիրք՝ որպես եվրոպական շուկաներ տանող դարպաս, ինչպես նաև փորձառու կադրեր և հսկայական ներուժ ունեցող ոլորտներ՝ թվային տեխնոլոգիաներից մինչև արտադրություն և լոգիստիկա։ Նա, ով այսօր ներդրումներ է կատարում Մոլդովայում, ներդրում է կատարում եվրոպական հաջողության պատմության մեջ։ Եկեք անցնենք գործի և միասին աշխատենք։ Մոլդովայի ժամանակը հիմա է», - եզրափակել է նա։
«Մոլդովայի բիզնես շաբաթը» երկրի կարևորագույն տնտեսական հարթակներից մեկն է։ Արդեն 11-րդ անգամ անցկացվող միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին Քիշնևում և համախմբել է ներդրողների, արտահանողների, ընկերությունների, ֆինանսական հաստատությունների և որոշում կայացնողների ինչպես Մոլդովայից, այնպես էլ արտերկրից՝ քննարկելու երկրի տնտեսական զարգացումը եվրոպական տնտեսական ինտեգրման, ներդրումների ներգրավման և արտահանման ընդլայնման միջոցով։