Եվրոպա

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ

Եվրամիության երկրները սեպտեմբերի 28-ին պատժամիջոցներ են սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողությունների համար։

«Պատժամիջոցների տակ են հայտնվել Ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան համակարգված և ապօրինի արտաքսման ու բռնի տեղափոխման, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքներում նրանց բռնի ձուլման հետ կապված անձինք և կազմակերպությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։ Ընդ որում, ԵՄ-ն որպես այդ գործողությունների մաս նշում է նաև երեխաների գաղափարական ներգործությունը և ռազմականացված կրթությունը։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, Ռուսաստանում գործող մանկական և մարզական ճամբարներ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում գտնվող «Սոնգդովոն» միջազգային մանկական ճամբարը։

Եվրոպական խորհրդի տվյալներով՝ ուկրաինացի երեխաներին տեղափոխում են այդ ճամբարներ՝ նրանց շրջանում ռուսամետ քարոզչություն և պատմություններ տարածելու նպատակով։

Պատժամիջոցների ցանկում է նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը։ ԵՄ-ի համաձայն՝ նա նպաստել է ուկրաինացի երեխաների՝ իր ղեկավարած տարածաշրջանում գտնվող ճամբարներ ապօրինի տեղափոխմանը։

«Պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների ակտիվները ենթակա են սառեցման։ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։

Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվել է նաև մուտքի արգելք, որով նրանց արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ անցնել Եվրամիության տարածքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում