Եվրոպա

Բուլղարիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավորները Սոֆիայում քննարկել են երկրի ներկա վիճակն ու ապագան․ BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավորները Սոֆիայում քննարկել են երկրի ներկա վիճակն ու ապագան․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Եվրոխորհրդարանի և Բուլղարիայի ազգային ժողովի անդամները «Եվրոպական քաղաքացիների նախաձեռնության» (ECI) շրջանակներում Սոֆիայում քննարկում են սկսել՝ նվիրված Բուլղարիայի ներկա վիճակին և ապագային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի՝ «Եվրոպական քաղաքացիների նախաձեռնության» հարցերով զբաղվող խմբի կողմից, Բուլղարիայի տնտեսական ու սոցիալական խորհրդի (ՏՍԽ) և Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի (ԲԱԱՊ) աջակցությամբ։

Բուլղարիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Յորդանկա Չոբանովան նշել է, որ 1990-ականներին բնորոշ լայն հանրային կոնսենսուսի դարաշրջանն ավարտվել է, և հաստատությունների հանդեպ հանրային վստահությունը պահպանելու համար ուղիղ երկխոսությունն ավելի կարևոր է դառնում։

Նա կարևորել է ECI-ի ճանաչելիության բարձրացումը Բուլղարիայում՝ ընդգծելով, որ ECI-ի հաջողված նախաձեռնություններում Բուլղարիայի ներդրումը նշանակալի է և համադրելի Ավստրիայի ու Շվեդիայի ցուցանիշների հետ։

«Առաջադեմ Բուլղարիա» խորհրդարանական խմբի պատգամավոր Սվետլա Կոջաբաշևան նշել է, որ Բուլղարիայի քաղաքացիներն ունեն գաղափարներ ու փորձ և արժանի են մասնակցելու որոշումների համատեղ կայացմանը։

ԲԱԱՊ-ի նախագահ Ցվետան Սիմեոնովն իր հերթին նշել է, որ միջոցառումը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել քաղաքացիական հասարակությանը Եվրոպական միության շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին ներգրավելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ քաղաքացիական հասարակությունն ամենաշատն է տուժում վարչակազմի գործողություններից և կանոնակարգերի ներդրումից, քանի որ այն պետք է հարմարվի վարչակազմի վարքագծին։

Սիմեոնովի խոսքով՝ Եվրոպական առևտրի և արդյունաբերության պալատների ասոցիացիայի միջոցով ԲԱԱՊ-ը նկատում է զգալիորեն աճող ակտիվություն և արագ արձագանք տնտեսությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում