Քաղաքականություն

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալն ընդգծել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը՝ համաձայն ՀՀ ԱԺ կողմից ընդունված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի։ 

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման պատմական հանգրվանի։Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթերի արդյունավետ իրականացման կարևորությունը և քննարկվել են անվտանգային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ կապակցվածության գործընկերությանը, այդ թվում՝ Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով վերջերս ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու մասին կարգավորման ընդունումը, որով Հայաստանը դարձել է միակ երկիրը, որը, չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հաստատված խաղաղության շնորհիվ ստեղծված տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում