Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Եվրոպական կոնսորցիումներից մեկը, որի կազմում ընդգրկված է բուլղարական «Digital Innovation Hub Trakia»-ն, սեպտեմբերի 11-ին գործարկել է անվճար, բաց կոդով հարթակ՝ օգնելու եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) կատարել ԵՄ Կիբերդիմացկունության ակտի (Cyber Resilience Act) պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնսորցիումից հայտնել են Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությանը (BTA)։
Հարթակը կոչվում է «Open Source Cybersecurity Resilience Act Tools» (OSCRAT)։
Կիբերդիմացկունության ակտն ուժի մեջ է մտել 2024 թ. դեկտեմբերի 10-ին, իսկ դրանով սահմանված հիմնական պարտավորությունների կատարումը պետք է սկսվի 2027 թ. դեկտեմբերի 11-ից։ Թվային տարրեր, այդ թվում՝ ծրագրային ապահովում և սարքակազմ պարունակող արտադրանքին առնչվող խոցելիությունների և լուրջ միջադեպերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջներն ուժի մեջ են մտնում 2026 թ. սեպտեմբերի 11-ից։
Ըստ հարթակը ստեղծողների՝ այն գործիքներ է տրամադրում իրավական գնահատումների, կիբերանվտանգության ռիսկերի, ծրագրային բաղադրիչների բնութագրերի, խոցելիությունների, միջադեպերի և համապատասխանության վերաբերյալ փաստաթղթերի կառավարման համար։
Կոնսորցիումը հայտնել է, որ OSCRAT-ը լուծում է եվրոպական ՓՄՁ-ների համար առկա կարևորագույն խնդիրներից մեկը՝ կիբերանվտանգության գնալով ավելի բարդացող պարտավորությունները վերածել ամենօրյա կառավարելի գործընթացների՝ ավելի քիչ ռեսուրսներով, քան խոշոր կազմակերպությունների դեպքում։ Հարթակը Կիբերդիմացկունության ակտի պահանջները վերածում է գործնական աշխատանքային ընթացակարգերի, հավելել են նրանք։
Եվրոպական հանձնաժողովը ֆինանսավորում է OSCRAT-ի մշակումը «Digital Europe» ծրագրի միջոցով։ Բացի «Digital Innovation Hub Trakia»-ից, կոնսորցիումի կազմում ընդգրկված են իտալական «PMF Research» ընկերությունը, լեհական «Lukasiewicz Research Network»-ը, ռումինական «Oves Enterprise» և «Enersec» ընկերությունները, ինչպես նաև էստոնական «Unicis.Tech»-ը։