Մերձավոր Արևելք

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ տարեկան նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում բուլղարացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ակնկալում է, որ Եվրոպական միությունն ավելի մեծ դեր կխաղա Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների կարգավորման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Նա նշել է, որ ՄԱԿ-ում ունեցած հանդիպումների ընթացքում ամենահաճախ հնչած բառը «խաղաղությունն» է եղել։ Յոտովան մտահոգություն է հայտնել, որ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ում հնչած ելույթներում Եվրոպան գրեթե չի հիշատակվել։ Նրա խոսքով՝ թվում է, թե Եվրոպան և, մասնավորապես, ԵՄ-ն երկրորդական պլան են մղվել։ Նա նշել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորումը պահանջում է ԵՄ-ի կողմից հավակնոտ, վճռական և տեղեկացված առաջարկներ։

Յոտովան ասել է, որ իր ելույթում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին, կանդրադառնա Ուկրաինայում պատերազմին։

Նա նաև հույս է հայտնել Նյու Յորքում հանդիպել Գազայի հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ՝ Գազայի հատվածի վերաբերյալ հետագա քայլերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

Յոտովան շեշտել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «չափազանց դիպուկ բնորոշում է տվել այն աշխարհին, որում ապրում ենք». անցյալ տարի աշխարհում գրանցվել է 60 զինված հակամարտություն, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Բուլղարիայի նախագահը հավելել է, որ ժամանակն է գնահատականներից, երկխոսությունից և քննարկումներից անցնել կոնկրետ լուծումների։ Նա հատկապես ընդգծել է դիվանագիտության և բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

Նախքան ճեպազրույցը Յոտովան հանդիպել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքի, Հրեաների համաշխարհային կոնգրեսի նախագահ Ռոնալդ Ս. Լաուդերի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։

Ճեպազրույցից հետո Յոտովան հանդիպել է Գուտերեշի հետ։ Պաշտոնյաները նշել են, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են անհրաժեշտ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում