Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ
1 րոպեի ընթերցում

Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը լարվածության սրման ևս մեկ փուլ կդառնան, և Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լիտվայի Սեյմի քվեարկությունը, որով որոշվել է հրաժարվել երկրի տարածքում միջուկային զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման արգելքից։
Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին, ինչպես նաև հարևան պետության տարածքում միջուկային զենքի տեղակայումը «այլ կերպ չեն կարող ընկալվել, քան որպես լարվածության սրման ուղղությամբ քայլ»։
«Ե՛վ մեկը, և՛ մյուսը չեն նպաստի եվրոպական մայրցամաքում իրավիճակի կայունությանն ու կանխատեսելիությանը, այլ, ընդհակառակը, ցավոք, կդառնան լարվածության սրման ևս մեկ էական փուլ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, իհարկե, Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական անվտանգության երաշխավորված ապահովման համար», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։