Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա
2 րոպեի ընթերցում

Սև ծովում՝ Սոչիի ափերի մոտ գտնվող «Աֆրամաքս Ռիո» լցանավի վրա բռնկված բաց կրակը մեկուսացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
«Փրկարարական նավերը շարունակում են հերթապահությունը։ Նավթային բեռով ջրատարածքի աղտոտում չկա։ ՌԴ տրանսպորտի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Կրասնոդարի երկրամասի ուժերի ու միջոցների համահավաք խմբավորումը սկսում է հետևանքների վերացումը», - հայտնել է Տրանսպորտի նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սև ծովի ջրատարածքում տեղի է ունեցել «Աֆրամաքս Ռիո» լցանավի բռնկում։ Նավթային բեռ փոխադրող նավը, որն ընթանում էր Լիբերիայի դրոշի ներքո, գրոհի էր ենթարկվել հեռակառավարվող նավակներով։ 23 մարդուց բաղկացած անձնակազմը փրկվել է։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան։ ՌԴ տրանսպորտի նախարարությունում նշել են, որ գրոհի հետևանքով ծովի ջրատարածքում սկսվել է նավթի բաց այրում։
«Ռոսպրիրոդնադզոր»-ը (Բնօգտագործման ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) հոկտեմբերի 7-ին հաղորդել է, որ «Աֆրամաքս Ռիո» լցանավի վրա բռնկված հրդեհից հետո Սև ծովի ջրատարածքի և առափնյա գոտու աղտոտում չի հայտնաբերվել։