Մշակույթ

Հայաստանի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում. ձեռքբերումները, խնդիրները և Նորավանքի հայտի մերժման պատճառները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում. ձեռքբերումները, խնդիրները և Նորավանքի հայտի մերժման պատճառները

Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում գրանցված է 3 հայտ, իսկ նախնական ցանկում՝ 8 հայտ, որոնցից 4-ը՝ վերջին երեք տարիներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն  Վանյանը՝ անդրադառնալով Հայաստանի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու, առկա խնդիրներին և Նորավանքի հայտի մերժման պատճառներին։

«Այս պահին ընթացքում են նախնական ցանկում ընդգրկված «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտի՝ հիմնական ցանկում ընդգրկման աշխատանքները: Ինչ վերաբերում է Նորավանքի հայտը հիմնական ցանկում գրանցելու Հայաստանի 2004 թվականի փորձին, որը 2005 թվականի մերժվել է, պետք է նշել, որ հայտը կազմված է եղել բավականին թերի և ոչ լրակազմ: Ակնհայտ է, որ նման կարևորության հուշարձանի տարածքում,  նրա պատմական միջավայրում որևէ նոր շինության կառուցումը պիտի սահմանված կարգով նախ համաձայնեցվի ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի հետ: Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման նման նոր միջամտությունները, բնականաբար, բացասական ազդեցություն են ունեցել և ունենալու հետագայում հայտը հիմնական ցանկում գրանցելու համար: Տվյալ դեպքում, հայտի լրակազմ լինելու պարագայում, հետագա փուլերում, անշուշտ, պետք է քննարկվեր Նորավանքի տարածքում նոր կառուցված շինությունների հնարավոր բացասական ազդեցությունը նրա պատմական միջավայրի ու համընդգրկուն բացառիկ արժեքի վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների տարածքում առհասարակ չի խրախուսվում նոր, հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալումը խաթարող կառուցապատման իրականացումը, իսկ բազմաթիվ դեպքերում դրանք հանգեցնում են արդեն գրանցված հուշարձանները ցուցակից հանելուն»,- նշեց ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը՝ շեշտելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում  հուշարձանների ընդգրկման  ուղղությամբ աշխատանքները շարունակական են։

Նա ընդգծեց, որ 29 տարվա ընթացքում ոչ մի նոր հայտ չէր գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևողական աշխատանքի և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հետ համագործակցությամբ յուրաքանչյուր տարի նոր հայտեր են գրանցվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, ինչպես նաև թարմացվում են 1995 թ. նախնական ցանկում ընդգրկված հայտերի վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն գործառնական ուղեցույցների:

Հարություն Վանյանի խոսքով ՝ 2000 թ. հիմնական ցանկում ընդգրկված հայտերից յուրաքանչյուրի համար մշակվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին են ներկայացվել դրանց կառավարման պլանները, որոնք տեղադրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պաշտոնական կայքում: Այս աշխատանքները կատարվել են 2024-2025 թթ. ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում