Մշակույթ

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

2 րոպեի ընթերցում

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» (Chataigniers en fleurs) կտավը ցուցադրվել է Հոնկոնգում՝ նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդից առաջ։ Sotheby’s աճուրդի տան գնահատմամբ՝ նկարը կարող է ռեկորդ սահմանել և վաճառվել շուրջ 180 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Կտավը արգենտինացի հանգուցյալ կոլեկցիոներներ Նելլի Արրիետա դե Բլակիերի և Կառլոս Պեդրո Բլակիերի հավաքածուի 12 ստեղծագործություններից մեկն է։ Աճուրդում կներկայացվեն նաև Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսարոյի և Պոլ Սեզանի աշխատանքները։

Sotheby’s-ի տվյալներով՝ վան Գոգի այս կտավն ավելի քան 60 տարի հանրությանը չի ցուցադրվել։ Այն պատկերում է ծաղկած շագանակենի, որի կողքով անցնում է միայնակ տղամարդ, իսկ փոքր-ինչ հեռվում երեք կին են՝ ճապոնական հագուստով։

1890 թվականին ավարտված կտավը նկարչի կյանքի վերջին երկու ամիսների ստեղծագործություններից է։

Այն շուրջ 70 ստեղծագործություններից մեկն է, որոնք վան Գոգը նկարել է Սեն Ռեմիի հոգեբուժական հաստատությունից դուրս գալուց հետո։ Հենց այնտեղ էր նա ստեղծել իր հայտնի «Աստղալից գիշեր» կտավը։

Կյանքի վերջին օրերին վան Գոգը ստեղծագործում էր չափազանց արագ տեմպով՝ միջինում օրական մեկ աշխատանք։

Նկարիչը մահացել է 37 տարեկանում՝ ինքն իր կրծքավանդակին կրակելուց երկու օր անց։ Դրան նախորդել էին հոգեկան առողջության հետ կապված երկարատև խնդիրներ։

Վան Գոգի աշխատանքների վաճառքի ներկայիս ռեկորդը պատկանում է «Նոճիներով պարտեզ» կտավին, որը 2022 թվականին աճուրդում վաճառվել է 117,2 միլիոն դոլարով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում