ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցությունները միջուկային զինանոցների կրճատման շուրջ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկում է միջուկային զենքի զինանոցների կրճատման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Newsmax-ին տված հարցազրույցում:
«Ես ուրախությամբ կգնայի միջուկային զինաթափման, եթե դա հնարավոր լիներ։ Բայց մենք իսկապես այդ հարցի շուրջ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի և Չինաստանի հետ», - ասել է նա։
«Չինաստանը, հավանաբար, ավելի քիչ է հակված դրան, քանի որ այս առումով զգալիորեն հետ է մեզնից», - հավելել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը, որին հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Նա նաև կանխատեսել է, որ Պեկինը կարող է հասնել ԱՄՆ-ի մակարդակին առաջիկա հինգ կամ վեց տարվա ընթացքում։
«Մենք առաջինն ենք։ Ռուսաստանը երկրորդն է։ Իսկ Չինաստանը մեզ կհասնի հինգ կամ վեց տարի հետո», - շարունակել է Թրամփը։
Նրա խոսքով՝ երեք երկրները «շատ են խոսում» միջուկային սպառազինությունների կրճատման մասին։ ԱՄՆ նախագահը մանրամասներ չի ներկայացրել։