Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել է, որ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունից հետո, որոշ հյուրեր հաղորդել են սննդային թունավորման ախտանշանների մասին։

«Ազգային տոնի կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանշանների մասին։ Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանշանների պատճառները կբացահայտվեն։ Ուստի դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։
Դեսպանությունից նաև տեղեկացնում են, որ ցանկացողները կարող են դիվանագիտական ներկայացուցչության հետ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մեծ հանդիսավորությամբ նշվել էր Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և բազմաթիվ այլ պաշտոնյաներ