Հայոց ցեղասպանության հուշահամալիրի շինաշխատանքները խիստ վերահսկողության տակ են․Թաշչյանն՝ առաջիկա ծրագրերի մասին
3 րոպեի ընթերցում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը վստահեցրեց, որ շինարարությունն ընթանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և հմուտ ճարտարապետների անմիջական վերահսկողությամբ:

Ապրիլի 24-ին ավարտված կլինեն երեք մույթերի վերանորոգման աշխատանքները, այդ օրը շինարարական աշխատանքներ չեն լինելու։
Հրաչյա Թաշչյանը հավաստիացնում է՝ որևէ կերպ չի խաթարվելու հուշարձանի նախնական տեսքը:
«Բծախնդրորեն վերահսկվում է այս պրոցեսը։ Ողջ գործընթացը կատարելապես համապատասխանում է նախագծային պարամետրերին: Որևէ բան խախտված չէ»,-ասաց նա:

Թաշչյանի խոսքով՝ շինարարության ընթացքում թանգարանն ու հուշահամալիրը այցելուների պակաս չեն ունեցել:
«Ամենօրյա ռեժիմով պատվիրակություններ են այստեղ գալիս: Տեսնում եք՝ զբոսաշրջիկների մեծ և մշտական հոսք կա և՛ հուշահամալիրում, և՛ թանգարանում»,-հավելեց նա։
Ապրիլքսանչորսյան ավանդական երթից բացի, ապրիլի 23-ին թանգարանում կգործի ժամանակավոր ցուցադրություն, որտեղ կներկայացվեն դեռևս Հայոց ցեղասպանության տարիներին հայ անհատների, հայկական հոգևոր, հասարակական քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները:

«Մենք ունենալու ենք ցուցադրություն, որը վերաբերելու է հայ առաջին վավերագրողներին: Եվ այստեղ խոսքը գնում է հայ մտավորականների, հայ հոգևորականների, ռազմական գործիչների, քաղաքական գործիչների մասին, որոնք փաստահավաք գործունեություն են իրականացրել, փաստագրել են, վավերագրել են այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց նա։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ուրախությամբ փաստեց, որ թանգարան- ինստիտուտն ամեն տարի համալրվում է շուրջ 100 թանգարանային նշանակություն ունեցող նմուշով:
Թանգարան-ինստիտուտ անցյալ տարվա ընթացքում շուրջ 90 000 մարդ է այցելել: «Անցած տարի 90 000 այցելու է եղել, որից 75000-ն օտարերկրացի զբոսաշրջիկներ էին: Եվ իմ համար շատ ուրախալի է տեսնել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում այցելող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է»,-ասաց նա։
Անի Դանիելյան