Եվրոպա

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

2 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մայիսի 10-ին մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գերծերի նախարարությունը։ 

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ հանդիսանում է Հայաստանի հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար: 

Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում