Եվրոպա

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին

2 րոպեի ընթերցում

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին

Եվրոպայում նավթավերամշակման գործարանների փակումը և նոր կարողությունների շինարարության բացակայությունը ռազմական հակամարտության դեպքում կարող է տանկերի և մարտական ավիացիայի համար վառելիքի անբավարարության հանգեցնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում նոր նավթավերամշակման գործարաններ չեն կառուցվում։ Մենք տեսնում ենք, որ նավթավերամշակման գործարանները փակվում են։ Եվ եթե պատերազմ սկսվի, եթե ռուսները հարձակվեն, և մենք ստիպված լինենք պաշտպանվել, մեզ հսկայական ծավալներով դիզելային վառելիք և այլ նավթամթերք կպահանջվի մեր F-35-ների, մեր կործանիչների, մեր տանկերի և այլնի համար։ Եվ դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս», - ասել է Ռյուտեն։

Այս հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան Եվրոպայում դիզելային վառելիքի անբավարարության դեպքում ՆԱՏՕ-ի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։ Դրա հետ մեկտեղ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանել ԵՄ-ի մտահոգությունները՝ կապված դիզելային վառելիքի արտահանման հարցում ԱՄՆ-ի կողմից հնարավոր սահմանափակման հետ՝ ընդգծելով, որ այդ հարցը Եվրամիության իրավասության շրջանակում է։

«Մենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ մեկ պայմանավորվածություն ունենք։ Մենք հիանալի աշխատում ենք միասին, սակայն գործին չի օգնի, եթե մենք մեկնաբանենք հարցեր, որոնք վերաբերում են միմյանց պատասխանատվության ոլորտներին», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Եվրոպական հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ մտահոգությամբ է ընդունում դիզելային վառելիքի արտահանման (այդ թվում՝ դեպի Եվրոպական միություն) նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հնարավոր սահմանափակումների մասին տեղեկությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում