Գիտություն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

8 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

 

 

Հայաստանը միացավ գիտության հանրայնացման եվրոպական ամենամեծ նախագծին, որի շրջանակում մեր երկրում առաջին անգամ անցկացվող միջոցառման մեկնարկը սեպտեմբերի 25-ին գրեթե միաժամանակ ազդարարվեց Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) խորագրով երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան 50 գիտական հաստատություններ։

Մայրաքաղաքում այն անցկացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի դիմացի հարթակում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացված են տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական այլ հիմնարկներ, բուհեր, մասնավոր կազմակերպություններ:

Գյումրիում և Վանաձորում փառատոնն անցկացվում է տեղի տեխնոլոգիական կենտրոններում։

Ինտերակտիվ ցուցահանդեսն ուղեկցվում է գործնական գիտափորձերով, աշխատարաններով, գիտական շոուներով, քննարկումներով ու բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներով: Ներկայացված են նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող գիտական նախագծեր։ Երեխաների համար նախատեսված են նկարչական աշխատարաններ, բուսատունկ:

Միջոցառման բացմանը ներկա էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որը զրուցել է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, դպրոցականների և այլ մասնակիցների հետ:

Լրագրողների հետ զրույցում նախարարը մասնավորապես նշեց․

«Տարեսկզբին հաստատված ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրում առանձին ուղղություն են գիտության հանրայնացումն ու դպրոցահասակների համար գիտական գործընթացները, գիտության աշխարհն ավելի հասանելի և մոտ դարձնելը: Եվ այսպիսի միջոցառումներն ուղղված են հենց այդ նպատակին: Վստահ եմ՝ դրանք կարևոր ազդեցություն են թողնում մեր երեխաների մասնագիտական կողմնորոշման, բնագիտական առարկաներն ավելի լավ յուրացնելու և սովորելու ցանկության, հետաքրքրասիրության աճի վրա»։

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ այս աշխատանքը պետք է լինի շարունակական: Նաև կարևորեց տարբեր գործընկերների համագործակցությունը՝ միջոցառումը դիտարկելով նաև որպես լրացուցիչ հարթակ միջազգային կապերի զարգացման ուղղությամբ:

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս նախաձեռնությունը միտված է համախմբելու և միասնական հարթակ ստեղծելու բոլոր գիտահետազոտական հաստատությունների աշխատակիցների համար։

«Եվրոպական միությունը հետազոտությունների և նորարարության ոլորտին աջակցում է մասնավորապես երկու մեծ նախաձեռնությունների միջոցով՝ 2021-27 թվականների համար նախատեսված «Հորիզոն Եվրոպա»-ի և «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ»-ի։ Այս երկու ծրագրերը Հայաստանի հետազոտողներին, գիտնականներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն են ընձեռում զարգացնելու կապերը եվրոպական երկրների գործընկերների և համախոհների հետ, ինչպես նաև զարգացնելու այն մեծ տաղանդը, որն այս ոլորտում գոյություն ունի հայ հասարակության շրջանում»,- նկատեց նա։  

Մարագոսը հայտնեց նաև, որ այս երկու մեծ նախաձեռնություններից բացի՝ Եվրամիությունը իրականացնում է նաև երկկողմանի նշանակության բազմաթիվ ծրագրեր։

Ըստ նրա՝ «Հորիզոն Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Հայաստանում արդեն իրականացվում են 33 ծրագրեր, որոնց մասնակից են 42 կազմակերպություններ։ Իսկ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» նախաձեռնության շրջանակում իրականացվում է 3 ծրագիր, որոնց ներգրավված է հայաստանյան 7 կազմակերպություն։

«Պետք է շարունակենք ջանք գործադրել հասկանալու՝ ինչպես կարող ենք աջակցել գիտահետազոտական ոլորտի զարգացմանը Հայաստանում և համախմբել տարբեր դերակատարների՝ հետազոտողների, գիտնականների, ակադեմիական շրջանակների, ուսանողների և քաղաքացիների ջանքերը։ Սա այն ոլորտներից է, որը ԵՄ-ին և Հայաստանին դարձնում է ավելի մոտ»,- հայտարարեց Վասիլի Մարագոսը։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ERNA-ն ստեղծում է նոր հարթակ գիտության, կրթության և հասարակության միջև ակտիվ համագործակցության համար:

«Որդեգրելով «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության» կարգախոսը՝ ERNA-ն նպատակ ունի խթանել հետազոտողների և հասարակության միջև անմիջական երկխոսությունը, մեծացնել հետաքրքրությունը գիտական և հետազոտական կարիերայի նկատմամբ։ Իսկ դա անմիջապես կապված է ՀՀ ԳԱԱ գործառույթների հետ։ Վերափոխված ակադեմիայի կարևորագույն գործառույթներից է նաև գիտության հանրայնացումը, միջազգային գիտական հետազոտական արդյունքների հանրայնացումը Հայաստանում և հակառակը՝ հայ գիտնականների գիտական ձեռքբերումների հանրայնացումն արտերկրում։ Այդ տեսակետից կարող ենք արձանագրել, որ ERNA-ն իր այսպիսի միջոցառումների շարքով առաջին քայլն է, որը, հուսով եմ, կունենա շարունակական բնույթ»,- նշեց նա։

Եվրոպական հետազոտությունների գործադիր գործակալության Բրյուսելի գրասենյակի ծրագրի պատասխանատու Բրիջիտ Բյոսեյը նույնպես անդրադարձավ գիտության նշանակությանը, ERNA ծրագրի կարևորությանը, գիտության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։   

Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ նախագիծն ավանդաբար իրականացվում է սեպտեմբերի վերջին ուրբաթ և շաբաթ օրերին՝ զուգահեռաբար 40 երկրներում։

«Այս անգամ որոշեցինք համադրել մեր ուժերը։ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ աջակցությամբ, ինչպես նաև «Գիտուժ» նախաձեռնության և մի շարք գործընկերների հետ միասին անցկացվող «Գիտության շաբաթ»-ը մի փոքր շուտ սկսվեց, այնուհետև համադրվեց ERNA-ին»,- հայտնեց նա։

Նշվեց, որ ԵՄ-ն 300 հազար եվրո է հատկացրել Հայաստանում երկամյա ծրագիր իրականացնելու համար։ Ծրագրի շրջանակում կյանքի են կոչվելու տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ գիտնականների այցելություններ հանրակրթական դպրոցներ և աշակերտների այցեր գիտահետազոտական ինստիտուտներ։

ERNA նախագիծը «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության մի մասն է։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի միջոցով։

«Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտության փառատոնը կազմակերպվել է «ERNA - European Researchers’ Night in Armenia» նախագծի շրջանակում, որը հաղթող է ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։

Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում