Իրան

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոստովանությունն այն մասին, որ եվրոպական ռազմակայաններից շուրջ 5000 թռիչք է իրականացվել՝ ի աջակցություն Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի, ապացուցում է, որ Եվրոպան այդ ագրեսիայի ենթակառուցվածքի մաս է կազմել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում կատարած գրառման մեջ Ղարիբաբադին նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքերը ցույց են տալիս Եվրոպայի դերը ԱՄՆ-ի գործողության իրականացման հարցում, և դա անպատասխան չի մնա։

«Այն կառավարությունները, որոնք իրենց տարածքը տրամադրել են Միացյալ Նահանգներին, չեն կարող խուսափել պատասխանատվությունից, - ասել է նա։ - Այս հանցակցությունն անպատասխան չի մնա»։

Ռյուտեն ավելի վաղ խոստովանել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ընթացքում եվրոպական ռազմակայաններից իրականացվել է 4000-5000 ամերիկյան ռազմական թռիչք։

Մեկ այլ գրառման մեջ Ղարիբաբադին նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ 77 երկրների պատվիրակությունների դուրս գալը ցույց է տալիս, որ պատերազմն արդարացնելու նրա ջանքերը զուր են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում