Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 10–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ է փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։

Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։ 

Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձել է դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամել է դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։ 

«Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին»,–հայտնում են Մայր Աթոռից: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում