Իրավունք

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Գարեգին Բ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դատավորի փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործը նախկինում քննող դատավոր Հակոբ Մանուկյանն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։

Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստն օգոստոսի 7-ին մեկնարկել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանը նիստը շարունակել էր դռնփակ՝ պատճառաբանելով, որ քննարկումների ընթացքում կարող էին հրապարակվել անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ։

Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատավորը որպես հիմք նշել էր, որ նախկինում փաստաբան է եղել, իսկ փաստաբանական արտոնագիրը նրան ժամանակին հանձնել է հենց Զոհրաբյանը՝ որպես Փաստաբանների պալատի նախագահ։ Դատավորը գնահատել էր, որ այդ հանգամանքը կարող է անկողմնակալ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր օբյեկտիվության վերաբերյալ։

Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Փետրվարին Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, որի հետևանքով արգելվել էր նրա ելքը Հայաստանից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում