Քննչական կոմիտեն մեկնաբանել է կաթողիկոսի՝ Հայաստանից ելքի արգելքի որոշումը
2 րոպեի ընթերցում

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ Հայաստանից ելքի արգելքի որոշումը պայմանավորված է վերջինիս նկատմամբ հարուցված քրեական վարույթով, որի շրջանակներում որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարությանը, որ «արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը»։
«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում եւս 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտի կատարմանը խոչընդոտելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- նշեցին Կոմիտեից։
Վերոնշյալ գործով 2026 թվականի հունվարի 31-ին ՔԿ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել, որտեղ կրկին նշվում էր, որ Հայ Առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում։
Նշենք, որ Գարեգին Երկրորդի՝ Հայաստանից ելքի արգելքին անդրադարձել է նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Կառույցից հայտարարել են, որ այդ գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։