London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մայիսի 9-ին հերքել է London Times կայքի՝ «Արևմտյան դեղագործական ընկերությունները փորձարկում են թունավոր ռազմական կարգի ստերոիդներ հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերնագրով հոդվածում տեղ գտած կեղծ պնդումները։
«Արմենպրես» լրատվական գործակալությունն, ուսումնասիրելով կեղծ պնդումներ պարունակող հոդվածը, պարզել է, որ այդ պնդումներն արվում են՝ հղում անելով «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին (Foundation to Battle Injustice (FBI):
Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք հոդվածներ, որոնցում Հիմնադրամին մեղադրում են կեղծ տեղեկություններ հրապարակելու մեջ:
Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր հոդվածներից մեկում, որտեղ խոսվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվական քարոզարշավի մասին, անդրադարձ կա նաև «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին: Հոդվածում նշվել է, որ այս Հիմնադրամը ստեղծվել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից: Խումբը, որն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան՝ ռուս կին, ով ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում փողերի լվացման մեղադրանքով: Այս խումբն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա ազդեցություն ունեցող անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու համար:
Ֆրանսիական հեղինակավոր Indigo Publications մեդիա խմբին պատկանող Intelligence Online պարբերականը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ, իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Անարդարության դեմ պայքարի» ՀԿ-ին: Հոդվածում նշվել է, որ այն վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից և տարածում է ապատեղեկատվություն: