SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար ընկերություններից մեկը՝ SIL Insurance-ը, հանդիսավոր միջոցառմամբ նշեց իր հիմնադրման 25-ամյակը Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։ Տոնակատարությունը կարևորեց նաև ընկերության վերաբրենդավորումը՝ ընդգծելով նորարարության և շարունակական զարգացման իրենց ուղին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին SIL Insurance-ից, միջոցառմանը ելույթով հանդես եկավ SIL Insurance-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը՝ ներկայացնելով ընկերության անցած ճանապարհը, նշանակալի ձեռքբերումները և առաջիկա ռազմավարական ծրագրերը։ Նա ընդգծեց նոր բրենդային ինքնության ներդրման կարևորությունը, որը խորհրդանշում է ընկերության թարմացված հայացքը դեպի ապագա։
«Այսօր մենք միաժամանակ նշում ենք մեր անցյալի հաջողությունները և ազդարարում նոր սկիզբ, նոր տեսլական և նոր ուղի։ Վերաբրենդավորումը մեր ընկերության արժեքների և ապագայի նկատմամբ ունեցած հավատի խորհրդանիշն է, մեր վճռական քայլն է դեպի առավել նորարարական, վստահելի, կայուն և հաճախորդակենտրոն ապահովագրական ծառայություններ»,- նշեց Արմինե Մելքոնյանը։
«Պլանավորելու ազատություն»․ սա է ընկերության նոր կարգախոսը, որն ամբողջությամբ արտացոլում է ընկերության նոր գաղափարախոսությունը։ «Սա մեր խոստումն է մեր հաճախորդներին։ Երբ ներշնչված ես հավատով և հույսով, անխուսափելի է ազատության զգացողությունը…»,- հավելեց Մելքոնյանը։
SIL Insurance-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանն իր ելույթում անդրադարձավ ընկերության հիմնադրման պատմությանը, արժեքներին և հետագա տեսլականին՝ կարևորելով թիմի ներդրումն ու համախմբվածությունը։
«Որպես «ՍԻԼ Կապիտալ» ընկերության և «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Արմինե Մելքոնյանին, և «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության բոլոր նախկին տնօրեններին և ամենակարևորը՝ Սուքիասյան ընտանիքին, որ ինձ վստահեց այս «փոքր» գործը, և որից սկսվեց ՍԻԼ Կապիտալի գործունեությունը»,- հավելեց Էդուարդ Սուքիասյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև SIL Insurance-ի ղեկավար կազմի և նախկին տնօրենների պարգևատրման արարողություն, որի ընթացքում ընդգծվեց նրանց կարևոր դերակատարումը ընկերության զարգացման ու ամրապնդման գործում։
Միջոցառման շրջանակներում նշանավորվեց նաև SIL Capital ընկերության գործունեությունը՝ որպես Հայաստանի բազմապրոֆիլ առաջատար ընկերություններից մեկի, որն իր շուրջն է համախմբել մի շարք հաջողակ ձեռնարկություններ՝ ստեղծելով ավելի քան 2,000 աշխատատեղ ու համագործակցելով տեղական և միջազգային ավելի քան 900 գործընկերների հետ։
Միջոցառման ամենահիշարժան պահերից էր Գառնու տաճարի երկնքում տեղի ունեցած հատուկ տեսաշոուն, որի ընթացքում հարյուրավոր դրոնների լույսերը երկինքը վերածեցին հիասքանչ ու հիշարժան տեսարանի՝ համադրելով մշակութային ժառանգությունը նորագույն տեխնոլոգիաների հետ։
Միջոցառմանը ներկա էին ոլորտի առաջատարներ, գործարարներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԶԼՄ-ների անդամներ, ովքեր բարձր գնահատեցին SIL Insurance-ի ներդրումն ու առաջիկա զարգացման հեռանկարները։
SIL Insurance-ի մասին
SIL Insurance-ը հիմնադրվել է 2000 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն սպեկտր՝ ներառյալ մեքենաների, առողջության, գույքի և ճանապարհորդության ապահովագրություններ: SIL Insurance-ը մշտապես ներդնում է նորարարական լուծումներ և տեխնոլոգիաներ՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ և հաճախորդների առավելագույն գոհունակություն: