ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին փոխգործակցության արդյունավետ ընթացքի և աջակցության մի շարք ծրագրերի հաջող իրականացման համար։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ուղղությունները, մասնավորապես, ՊԵԿ ենթակառուցվածքի արդիականացման, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման, նոր տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման միջոցների ներգրավման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական փոխգործակցության պատրաստակամությունը: