Ասիա

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Հայաստանը և Տաջիկստանը քննարկում են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, թվայնացման, մթնոլորտային արտանետումների վերահսկման և ընդերքի կառավարման ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշել է, որ Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Շերալիզոդա Բահոդուր Ահմադջոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բնապահպանական կառույցների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

«Քննարկել ենք մեր երկու երկրների բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու այն հնարավորությունները, որոնք կարող են նպաստել համագործակցության զարգացմանը։ Քանի որ մեր կառույցների գործառույթները բավականին նման են, կարծում եմ՝ փոխադարձ փորձի փոխանակումը կարող է գործնական նշանակություն ունենալ»,– ասել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, մթնոլորտային արտանետումների վերահսկման և ընդերքի կառավարման ոլորտներում կիրառվող մեխանիզմներն ու գործիքակազմը։

«Այս ուղղություններում երկու երկրներն ունեն ընդհանուր խնդիրներ, և կարևոր է հասկանալ, թե ինչ լուծումներ են կիրառվում յուրաքանչյուր երկրում։ Փորձի փոխանակումը թույլ կտա ուսումնասիրել արդյունավետ մոտեցումները և անհրաժեշտության դեպքում դրանք կիրառել մեր աշխատանքում»,– նշել է նա։

Հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է համագործակցությունը զարգացնել նաև գործնական ծրագրերի և փոխադարձ այցելությունների միջոցով, Մարտիրոսյանը պատասխանել է, որ հայկական կողմն արդեն հրավեր է ստացել այցելելու Տաջիկստան՝ տեղում ծանոթանալու բնապահպանական կառավարման համակարգին և ոլորտում կիրառվող մեխանիզմներին։

«Կարևորում ենք, որ համագործակցությունը լինի շարունակական և երկարաժամկետ։ Մեր նպատակը ոչ միայն փորձի փոխանակումն է, այլև այնպիսի գործնական կապերի ձևավորումը, որոնք հետագայում կարող են նպաստել երկու երկրների բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը»,– ասել է նա։

Անդրադառնալով բնապահպանական մշակույթի զարգացմանը՝ Մարտիրոսյանը շեշտել է, որ տեխնիկական և կառավարչական խնդիրներից բացի՝ կարևոր է նաև հասարակության շրջանում բնապահպանական գիտակցության բարձրացումը։

Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի պահպանության հարցում հասարակության պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը երկարաժամկետ աշխատանք է պահանջում, և այս ուղղությամբ ևս Հայաստանի ու Տաջիկստանի միջև փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել։

Խոսելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի մասին՝ Մարտիրոսյանը նշել է, որ այն Հայաստանի համար կարևոր հնարավորություն է՝ միջազգային հարթակում ներկայացնելու երկրի բնապահպանական առաջնահերթությունները, տեխնոլոգիական զարգացումն ու ոլորտում իրականացվող աշխատանքները։

Հարցին՝ թե ինչ նշանակություն ունի COP17-ի անցկացումը Հայաստանի համար և ինչ հնարավորություններ կարող է այն ստեղծել երկրի համար, Հովհաննես Մարտիրոսյանը պատասխանել է.

«Համաժողովը կարևոր հնարավորություն է՝ միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու, նոր համագործակցություններ ձևավորելու և միջազգային բնապահպանական գործընթացներում երկրի ներգրավվածությունն ընդլայնելու համար»։

Սարգիս Ասատրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում