Քայլերթ Կապանում` նվիրված Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան

20:19, 25 Նոյեմբեր, 2011

ԿԱՊԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանանց իրավունքների կենտրոն»-ի Սյունիքի մարզային մասնաճյուղն նոյեմբերի 25-ին' Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, Կապանում անցկացրեց քայլերթ' «Ոչ բռնությանը» կարգախոսով: Ակցիային մասնակցել են ավելի քան 40 ակտիվիստներ, ովքեր, 100 գունավոր փուչիկներով շարժվելով քաղաքի մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակից, Չարենցի փողոցով հասել են մինչեւ Գարգեգին Նժդեհի հրապարակ: Երթի ընթացքում մասնակցիները կանանց բաժանել են կենտրոնի մասին պատմող բուկլետներ եւ թռուցիկներ, իսկ տղամարդկանց' խորհրդանշական սպիտակ ժապավեններ, որոնք կրելով նրանք պատասխանատվություն են ստանձնում չհանդուրժել բռնությունը: Անցորդները, որոնցից շատերը կամավոր միանում էին երթին, հնարավորություն ունեին փուչիկների վրա գրելու իրենց «ոչ»-ը' դրանով արտահայտելով իրենց վերաբերմունքը կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների հանդեպ: «Նման ակցիաներ հաճախակի չեն լինում Կապանում, որի պատճառով էլ այսօրվա միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակչության շրջանում: Շատերը մեծ պատրաստակամությամբ միանում են երթին: Ցավոք, այսօր Սյունիքում էլ կան նման երեւույթներ, որոնց դեմ պայքարելը պետք է լինի յուրաքանչյուրի խնդիրը», - «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության մարզային կառույցի համակարգող Գայանե Բաբայանը: Առաջիկա օրերին' կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային 16-օրյակի շրջանակներում, մարզում նախատեսված են նաեւ այլ միջոցառումներ: Նոյեմբերի 28-ին Կապանում կանցկացվի հանդիպում եւ «Կանանց իրավունքների կենտրոն»-ի Սյունիքի մարզային մասնաճյուղը կներկայացնի իր 2 տարվա գործունեությունը, որից հետո կքննարկվեն կանանց նկատմամբ կիրառվող բռնություններին եւ դրանց դեմ պայքարին առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am