Մամուլի սրահ

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

5 րոպեի ընթերցում

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

Հանրապետությունում 2026 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք, որից 1269-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը եղել է 1325։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը նշեց, որ աճ նկատվում է նաև թմրամիջոցների իրացման հատվածում։ Մասնավորապես, 2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 802 դեպքի դիմաց։

«Մեր հիմնական ներուժը ուղղում ենք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ներկրման մեծ խմբաքանակների հայտնաբերմանը։ Դրա արդյունքն է, որ աճ ենք գրանցում ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալի առումով։ Միայն ոստիկանության ստորաբաժանումների կողմից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, որը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Վաչե Հովսեփյանը։

Վիճակագրական ցուցանիշների աճ նկատվում է նաև ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Մասնավորապես, ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը տեղեկացրեց, որ վերջին 5 տարում կենտրոնում հաշվառվածների թիվն աճել է 6,3 տոկոսով։

«Ցավոք, աճ է նկատվում նաև կանանց շրջանում։ Վերջին 5 տարիներին հաշվառված կանանց ցուցանիշը 8 տոկոսով աճել է։ Հաշվառված անչափահասների թիվը չի աճում, սովորաբար ունենում ենք ցուցանիշ տարեկան 6-9-ի շրջանակում։ Մեր կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։  Այն անձինք, որոնք ունեն թմրամիջոցների գործածման կամ արդեն կախվածության հետ կապված խնդիրներ, հանգիստ կարող են դիմել, ստանալ խորհրդատվություն»,-ասաց Գայանե Վարդազարյանն՝ ընդգծելով, որ բուժումը ՀՀ բոլոր քաղաքացիների համար իրականացվում է անվճար։

Թվերի աճը պայմանավորված է իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ։ Մարդիկ առանց վախենալու, կաշկանդվելու դիմում են մասնագետներին։ Գայանե Վարդազարյանն, իհարկե, նշեց, որ հնարավոր չէ ժխտել այն, որ շատ ավելի հեշտացել է համացանցի միջոցով թմրամիջոց ձեռքբերելը, մանավանդ, որ որոշ տեսակներ մատչելի են։ Երեխաները նույնպես ունեն հասանելիություն համացանցին,  ոչ ցանկալի տեղեկատվությանը։ Վաչե Հովսեփյանը նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հասանելիության նոր մակարդակ է ստեղծում ցանկացած անձի համար, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների աճի միտում չի նկատվում։ Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում այդպիսի 4 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 դեպքի դիմաց։

Մասնագետներն ընդգծեցին, որ խնդրի դեմ պայքարը հնարավոր չէ մեկ գերատեսչության ուժերով իրականացնել։ Համալիր մոտեցում է անհրաժեշտ, այդ  պատճառով 2025 թվականին հաստատվել է  Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը։  ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի ընդհանուր հարցերով տեղակալ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը տարբեր գերատեսչությունների միջև բազմակողմանի համագործակցություն է իրենից ենթադրում։  2026 թվականից արդեն մեկնարկել է անմիջական աշխատանք դպրոցների հետ։

«Ներգրավել ենք դպրոցների տարբեր տարիքային խմբերի աշակերտների, իրականացվել են քննարկումներ։ Կազմակերպել ենք նրանց այցելությունը Կախվածությունների բուժման ազգային կենտրոն։ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ դասընթացներ ենք անցկացրել նաև երիտասարդների շրջանում։ Մեկնարկել է  ուսուցիչների և հոգեբանների հետ աշխատանքը։ Մշակվել են նաև միասնական ուսումնական նյութեր, որոնք կծառայեն իրազեկման աշխատանքներն առավել թիրախային ու նպատակային իրականացնելուն»,-ասաց Ռոմելլա Աբովյանն՝ ընդգծելով, որ այս ամբողջ գործընթացում ներգրավված են ոչ միայն բժիշկներ, այլև հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում