Իրան

ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին, իսկ Իրանը` Քուվեյթին ու Բահրեյնին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին, իսկ Իրանը` Քուվեյթին ու Բահրեյնին

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող մի քանի թիրախների` «ի պատասխան իրանական շարունակական ագրեսիայի»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Մասնավորապես, թիրախավորվել են ռազմական հսկողության օբյեկտները, կապի համակարգերը, հակաօդային պաշտպանության դիրքերը, անօդաչու թռչող սարքերի պահեստները և ռազմածովային ականապատման սարքավորումները։ CENTCOM-ը հայտարարել է, որ «նախորդ հարվածներից հետո Իրանին հնարավորություն է տրվել պահպանել հրադադարի համաձայնագիրը։ Սակայն իրանական ուժերը օգտագործել են հարձակողական անօդաչու թռչող սարք և Հորմուզի նեղուցում հարվածել Պանամայի դրոշի ներքո նավարկող տանկերին»։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կրկին խախտել է հրադադարի համաձայնագիրը։ «Նրանք, հավանաբար, երբեք չեն սովորի։ Կարող է գալ մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա խոհեմություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական առումով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք», - գրել է Թրամփը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է, որ իրանական ուժերը, «ի պատասխան ամերիկյան ագրեսիայի, բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել ամերիկյան ութ ռազմական օբյեկտների՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազային և Բահրեյնի Պորտ Սալմանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային»։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ ԱՄՆ-ն, Իրանի կողմից անօրինական նավի դեմ գործողությունների պատրվակով, հարձակվել է իրանական հինգ ափամերձ դիրքերի վրա։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ Իրանը վերահսկում է նավերի անցումը Հորմուզի նեղուցով, և այժմ «ավելի խիստ միջոցներ կկիրառվեն խախտում թույլ տվող նավերի նկատմամբ»։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այն կոչ է անում 60 օրով դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և սկսել բանակցություններ պատերազմի լիակատար դադարեցման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացման համար։ Այդ ժամանակվանից ի վեր նավերի վրա անօդաչու սարքերով հարվածների մի քանի դեպք է գրանցվել, և ի պատասխան ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում գտնվող թիրախների վրա։

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում