«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը
7 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ միջոցառում՝ «Կանգ առ․․․ ընտրիր կյանքը» խորագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեմ պայքարի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան, փոխգնդապետ Էրիկ Ղուկասյանը ներկայացրեց թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունը։

«Ազատությունից զրկված անձինք, այդ թվում՝ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալները, որպես կանոն, ավելի խոցելի են թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված խանգարումների ձևավորման տեսանկյունից։ ԱՆ ՔԿՀ-ներում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուքների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի անօրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատիժ է կրել 144 դատապարտյալ, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 192 դատապարտյալ, 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ 239 դատապարտյալ»,- ասաց Ղուկասյանը։
Նրա տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրվել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի ներթափանցման փորձի 34 դեպք, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 30 դեպք։ Առավել հաճախ հայտնաբերվել են հետևյալ թմրատեսակները. մարիխուանա-2022 թվականին՝ 460,801 գրամ, 2023 թվականին՝ 283,954 գրամ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 62,42 գրամ, հերոին-2022 թվականին՝ 59,624 գրամ, 2023 թվականին՝ 56,876 գրամ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 9,4 գրամ, մետամֆիտամին- 2022 թվականին՝ 16,478 գրամ, 2023 թվականին՝ 15,894 գրամ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 8,13 գրամ, հաշիշ-2022 թվականին՝ 14,966 գրամ, 2023 թվականին՝ 44,95 գրամ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 19,22 գրամ, հեքսահիդրոկանաբինոլ-2022 թվականին՝ 15,6671 գրամ, 2023 թվականին՝ 10,29 գրամ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 44,12 գրամ։
«ՔԿՀ-ներում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերման հիմնական եղանակները հանդիսացել են կացարանների խցերի նախատեսված և չնախատեսված խուզարկությունները, այդ թվում՝ ՔԿՀ-ներ այցելած անձանց կողմից փոխանցվող հանձնուքների խուզարկությունները։ Դատապարտյալների պատշաճ վերասոցիալականացման ապահովման համար անհրաժեշտ է հասցեագրել խանգարումները և տրամադրել շարունակական բուժում ու կայուն վերականգնման աջակցություն»,- ասաց Ղուկասյանը։
Նրա պնդմամբ՝ դատապարտյալների կողմից թմրամիջոցների գործածման կանխարգելումը, ապացուցահեն բուժումը, գերդոզավորման կանխարգելումը և սոցիալական աջակցության տրամադրումը առաջնային նշանակություն ունեն ինչպես քրեական արդարադատության համակարգի արդյունավետության, այնպես էլ կայուն համայնքային զարգացման տեսանկյունից։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մշակութային ինքնագործ միավորման համանախագահ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրեց զեկույց՝ «Թմրամիջոցների օգտագործման անմիջական ասպեկտները» վերնագրով։

«Իրականում թմրամոլությունը, թմրանյութերն ու դրանց ապօրինի շրջանառությունը ահռելի տառապանքների աղբյուր են։ Միջազգային զեկույցների համաձայն՝ աշխարհում մոտ 316 միլիոն մարդ զանազան թմրանյութեր է օգտագործում։ Հիմնական ազդեցության առաջնային թիրախը երիտասարդներն են, հետևաբար բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն հատկապես այդ տարիքային խմբին զերծ պահելու այս արհավիրքից։ Թմրամիջոցները բավականին լուրջ աղբյուր են նաև կոռուպցիայի և տարատեսակ հանցագործությունների տարածման համար»,- ասաց Տեր-Հովակիմյանը։
Նրա կարծիքով՝ թմրամիջոցների դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել առանց պրոֆիլակտիկ բուժման և վերականգնման։ Ըստ նրա՝ հանրությունը կհաջողի այդ պայքարում, եթե կարողանա արդյունքի հասնել նվազեցնելով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահանջարկը, որովհետև այդ պարագայում գործում է պարզ շուկայական մեխանիզմ՝ քանի դեռ չկա պահանջարկ, առաջարկը ոչ մեկին չի հետաքրքրի։
«Ցավոք սրտի, քրեածին միավորները բավականին մեծ աշխատանք են տանում այն ուղղությամբ, որպեսզի խթանեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահանջարկը, և միայն այդ դեպքում կարող են իրենց սև գործն արդյունավետորեն անել։ Պետք է միշտ հիշել, որ թմրամիջոցները կարող են անմիջական վնաս հասցնել մարդու օրգանիզմին և շարունակաբար գիտակցել դրանց գործածման կործանարար հետևանքները։ Վերջին ժամանակների իրական մարտահրավերը նոր հոգեներգործուն նյութերն են։ Ցավոք, որոշ ոլորտների առաջադիմական զարգացումն իր հետ բերել է նաև բացասական ազդեցություն։ Այժմ հանցավոր խմբերն օգտագործելով ԱԲ-ն՝ փորձում են չարգելված նյութերի համակցությամբ ստանալ նոր արգելված նյութերի ազդեցություններ։ Դրանք սովորաբար կոչվում են դիզայներական թմրամիջոցներ»,- ասաց Տեր-Հովակիմյանը։
Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը նշեց, որ ԵԽ-ի աջակցությամբ ընթացիկ տարվա մայիսին իրականացվել է մի ծրագիր, որը միտված էր թմրամիջոցներից կախվածության կանխարգելմանը։

«Ծրագրի նպատակն էր ներգրավել դատապարտյալներին, նրանց զինել համապատասխան հմտություններով, գիտելիքներով և կարողություններով, որպեսզի նրանք հետագայում կարողանան ավելի մասնագիտական կերպով աջակցել այն անձանց, ովքեր պետք է անցնեն կախվածությունների հաղթահարման ճանապարհը։ Ծրագիրը բավականին հաջողված էր և այսօր հնարավորություն ունենք ծրագրի մասնակիցներին, ովքեր պատիժ են կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանձնել ավարտական վկայականներ։ Լիահույս ենք, որ ծրագիրը կլինի շարունակական»,- ասաց Ղազարյանը։
Միջոցառման շրջանակում դատապարտյալները ներկայացրին թեմատիկ զեկույցներ, ինչպես նաև հանդես եկան օրվա խորհրդին նվիրված այլ նախաձեռնություններով։ Մասնավորապես, Վարդան Դարբինյանը ներկայացրեց իր կյանքի ուղին՝ նշելով, թե ինչպես է իրեն հաջողվել հաղթահարել կախվածությունը թմրամիջոցներից և ապաքինվել այդ չարիքից։

Միջոցառման շրջանակում ներկաներին ցուցադրվեց տեսահոլովակ, որը նկարահանել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մշակութային ինքնագործ միավորումը՝ անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին։
