Միացյալ Նահանգներ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու  ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Screenshot

Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա.

Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։

ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։

Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղղություններով։

Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։

«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում