Վերլուծություն

ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար երկարաժամկետ պատերազմը վնասակար է մի շարք առումներով. մեկնաբանի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար երկարաժամկետ պատերազմը վնասակար է մի շարք առումներով. մեկնաբանի վերլուծությունը

Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանի կարծիքով՝ մերձավորարևելյան պատերազմն աննախադեպ է իր աշխարհագրական տարածքով, և կան միտումներ, որ այս փուլում Միացյալ Նահանգները կարող է դիմել կտրուկ քայլերի, քանզի Իրանը պատրաստ չէ զիջումների և չի ցանկանում կատարել ամերիկյան կողմի պահանջները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սագօ Արեանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումներին, ինչպես նաև առանձին երկրների միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության հնարավորինս շուտ հանգուցալուծմանը։   

«Միացյալ Նահանգները 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր էր ներկայացրել Իրանին, որը կտրականապես մերժվեց։ Այժմ խնդիրը վերափոխվել է։ Նախկինում Միացյալ Նահանգների համար ամբողջական նպատակն Իրանի հետ կապված երկու կարևոր հարցերի լուծումն էր, բայց հետո ամերիկյան կողմը հրաժարվեց առավելագույն ծրագրերից և հիմա, կարծեք թե, ցանկանում է բավարարվել Հորմուզի նեղուցի բացմամբ։ ԱՄՆ-ի վարչակարգը` Թրամփի գլխավորությամբ, ձգտում է լուծումներ գտնել, որպեսզի դուրս գա ճգնաժամային վիճակից։ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Ծոցի արաբական երկրների համար երկարաժամկետ պատերազմը վնասակար է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, լոգիստիկ և այլ առումներով»,- ասաց Արեանը։

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում պետք է մեկնի Չինաստան և գործարք կնքի չինական կողմի հետ, ուստի ունի ժամկետի խնդիր և պետք է առաջիկա 10-15 օրերի ընթացքում խաղաղության ինչ-որ կոնցեպտի շուրջ գործնական քայլերի գնա Իրանի հետ։  

«Իրանն իր հերթին այնքան էլ շահագրգռված չէ, որ պատերազմն այս պահին դադարի, թեև միջազգային մամուլում շատ է քննարկվում 45-օրյա հրադադարի ծրագիրը։ Թեհրանը հայտարարել է, թե չի մուրում հրադադար, այլ ցանկանում է խնդրի ամբողջական լուծում, այսինքն՝ ոչ թե պատերազմի ժամանակավոր դադար, այլ հակամարտության հանգուցալուծում։ Իրանն այժմ ճնշումներին տեղի տալու պատրաստ չէ ոչ միայն ուրանի հարստացման հարցով, այլև բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվելու առումով։ Առաջիկա օրերը շատ կարևոր են զուտ այն տեսանկյունից, թե իրականություն կդառնա՞ն արդյոք Իրանին էլեկտրաէներգիայից զրկելու Թրամփի սպառնալիքները, թե՞ իրանական կողմն, ի վերջո, կհամաձայնվի ինչ-որ գործարքի գնալ ամերիկացիների հետ»,- ասաց Արեանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե Իրանը համաձայնության չգա, ապա կստանա շատ ավելի ցավոտ հարվածներ։ Մեկնաբանի կարծիքով՝ թեև Իրանի վարչակարգը վիրավոր է, սակայն տակավին մնում է կանգուն։

«Ոչ ոք չգիտի և չի կարող կանխատեսել, թե ինչպիսի հակահարվածներ կտա իրանական կողմը։ Հայտնի չէ նաև այն, թե արդյոք հասցվող հարվածներն ամբողջությամբ կանդամալուծեն Իրանի կրակային կարելիությունները։ Մի բան հստակ է, որ Ծոցի արաբական երկրներին Իրանի կողմից հասցված հարվածներն անակնկալ էին, Իրանը ցավագին հարված տվեց արաբական աշխարհին, իսկ Միացյալ Նահանգներում, չնայած Թրամփի հայտարարություններին, այնքան էլ ուրախ չեն հակամարտության այս փուլի արդյունքներից»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողությունների հեռանկարին՝ Արեանն ընդգծեց, որ ցամաքային պատերազմը Միացյալ Նահանգների ամենաթույլ տեղն է։ Մեկնաբանը հիշեցրեց Իրաքի դեմ ցամաքային գործողությունները, երբ ամերիկյան զինուժը մտավ այդ երկիր և կարողացավ տապալել Սադամ Հուսեյնի վարչակարգը, սակայն նման լուծումներն, ըստ Արեանի, կրում են ժամանակավոր բնույթ։  

«Ցամաքային միջամտությունը շատ ցավագին կլինի Միացյալ Նահանգների համար և կարող է նաև ազդել ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունների վրա։ Դա Թրամփի համար կլինի շատ լուրջ միավորների կորուստ, դիրքերի թուլացում։ Ամերիկյան հասարակությունը կարող է նրան ազդեցիկ կերպով հակազդել ընտրությունների միջոցով։ Թրամփը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր հայտարարությունները և ցամաքային գործողությունների որոշումը չհամընկնեն իրար, այսինքն՝ խոսի մի բանի շուրջ, սակայն դրա հետ մեկտեղ չգործադրի ծայրահեղ սպառնալիքներ։ Խոսում են, օրինակ, տարբեր սցենարների մասին, որոնց համաձայն՝ ամերիկյան կողմը պետք է ուժով վերցնի Հորմուզի նեղուցը կամ տեխնոլոգիապես բարձրակարգ սպառազինությամբ օժտված ամերիկյան հատուկ ուժերը պետք է մտնեն Իրանի տարածք և վերցնեն հարստացված ուրանի պաշարները։ Դժվար է ասել, թե արդյոք ամերիկյան կողմը կդիմի նման ռիսկերի»,- ասաց Արեանը։

Խոսելով առանձին երկրների միջնորդական ջանքերի մասին, որոնց նպատակն օր առաջ հրադադարի հաստատում է՝ հակամարտության հետագա հանգուցալուծման հեռանկարով՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ ուղղությամբ գործում են Պակիստանը, Թուրքիան ու Եգիպտոսը։

«Պակիստանը մշտապես փորձում է հավասարակշռություն պահպանել։ Այդ երկիրն ԱՄՆ-ի դաշնակիցն է, ունի միջուկային զենք և նրա նկատմամբ դրական վերաբերմունք կա նաև Իրանում։ Վերջին ամիսներին Օմանում կայացած բանակցությունների ֆոնին՝ վերոհիշյալ երկրներն ավելի ազդեցիկ են, թեև Թուրքիայի դերակատարումն այդքան էլ ընդգծված չէ, որովհետև Իրանում այդ երկրի հանդեպ կա վստահության խնդիր»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։   

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հակամարտությունից առաջ տարբեր հարթակներում ընթանում էին բանակցություններ, սակայն ԱՄՆ-ն, անտեսելով այդ հանգամանքը,  հարվածներ հասցրեց Իրանին, հետևաբար վերջինս իրեն զգում է դավաճանված։

«Դա է պատճառը, որ աշխատում են միջնորդավորված։ Իրանը չի զիջում, որովհետև իր առջև դրված պայմանները շատ ծանր են։ ԱՄՆ-ում կարծում են, որ իրանական կողմը նեղ վիճակում կընդունի պայմանները, սակայն վերջինս արդեն մեկ ամիս դիմադրում է ու դիմանում իրեն հասցվող հարվածներին։ Իրանում մտածում են, որ իրենք վիրավոր են և արդեն իսկ զիջելու տեղ չունեն, էլ ի՞նչ կարող են զիջել»,-եզրափակեց քաղաքական մեկնաբանը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում