Աշխարհ

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Մեծ Բրիտանիայում սահմանվել է հունիս ամսվա օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, երկրի օդերևութաբանական ծառայությունը Անգլիայի արևելքում գրանցել է 36.9 աստիճան Ցելսիուսի սանդղակով։

Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ։ Այսպիսով, 1976 թվականի հունիսից պահպանվող՝ 35.6 աստիճան ռեկորդը թարմացվում է արդեն երրորդ օրն անընդմեջ։

Հունիսի 24-ին գրանցվել էր 36.1 աստիճան, հունիսի 25-ին՝ 36.7 աստիճան, իսկ հունիսի 26-ին՝ 36.9 աստիճան։ Անգլիայի տարածքի զգալի մասում շարունակում է գործել եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, ինչը նշանակում է, որ շոգը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի և առողջության համար։ Սպասվում է, որ հունիսի 27-ից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի, սակայն ուժի մեջ կմնա վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակը, որը նույնպես զգուշացնում է շոգի հետևանքով առողջության համար հնարավոր լուրջ ռիսկերի մասին։

 Շոգի պատճառով երկրում ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել են հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզները ծնողներին կոչ են անում երեխաներին ավելի վաղ տուն տանել, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը նաև մի շարք թանգարաններ, կենդանաբանական այգիներ և զբոսաշրջային օբյեկտներ։

Երկրորդ օրն անընդմեջ չեն գործում նաև բազմաթիվ մանկական խաղահրապարակներ, իսկ սուպերմարկետներում և հանրային այլ վայրերում բնակիչներին անվճար խմելու ջուր է բաժանվում։ Լոնդոնի մետրոյի կայարաններում տեղադրվել են հորդորներ՝ հնարավորինս շատ հեղուկ օգտագործելու վերաբերյալ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում