Աշխարհ

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

4 րոպեի ընթերցում

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Աշխարհի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչն ապրում է Հնդկաստանում, ուստի երկրի առողջապահական ցուցանիշների ցանկացած բարելավում զգալի ազդեցություն է ունենում նաև համաշխարհային վիճակագրության վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ներկայացրել է Հնդկաստանի ընտանեկան առողջության 6-րդ ազգային հարցման հիմնական արդյունքները, որն  իրականացվել է երկրի 715 շրջաններում՝ ընդգրկելով շուրջ 679 հազար տնային տնտեսություն և ավելի քան 700 հազար կին։

 Զեկույցը համարվում է Հնդկաստանի ամենախոշոր սոցիալ-բժշկական հետազոտություններից մեկը և ներառում է տվյալներ մայրական և մանկական առողջության, սնուցման, ընտանիքի պլանավորման, պատվաստումների, ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև կանանց տնտեսական և սոցիալական հնարավորությունների վերաբերյալ։ Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում։

 Մայրական և մանկական առողջապահության ցուցանիշները հասել են պատմական բարձր մակարդակի, ինստիտուցիոնալ ծննդաբերությունների մասնաբաժինը կազմել է 90,6 տոկոս, իսկ երեխաների լիարժեք պատվաստումների ծածկույթն աճել է մինչև 87,1 տոկոս։

 Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դեռևս պահպանվում են լուրջ մարտահրավերներ, մասնավորապես՝ սնուցման ոլորտում։

«Առաջընթացը լավն է, բայց դեռ շատ բան կա անելու։ Այսօր լուրջ խնդիր են շաքարախտն ու սրտանոթային հիվանդությունները։ Հնդկաստանի բնակչությունն այս հիվանդությունների նկատմամբ ունի նաև գենետիկ նախատրամադրվածություն, սակայն մեծ դեր ունի նաև կենսակերպը, ուստի այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է առողջ կենսակերպի ձևավորման վրա»,- ասել է Նիլակշի Սահան։

 Հարցման արդյունքների համաձայն՝ Հնդկաստանը գրեթե հասել է համընդհանուր էլեկտրիֆիկացման. բնակչության 97,98 տոկոսն ապահովված է էլեկտրաէներգիայով, խմելու ջրի հասանելիությունը կազմում է 96,5 տոկոս, իսկ առողջության ապահովագրության ծածկույթն արդեն գերազանցում է 60 տոկոսը։

Զեկույցը փաստում է նաև կանանց հնարավորությունների ընդլայնումը։ Կանանց 89 տոկոսը մասնակցում է տնային տնտեսությունների որոշումների կայացմանը և օգտվում է բանկային հաշիվներից, 63,6 տոկոսն ունի բջջային հեռախոս, իսկ ինտերնետից օգտվող կանանց մասնաբաժինը հասել է 64,3 տոկոսի։

Դեսպանի գնահատմամբ՝ Հնդկաստանի փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար՝ հնարավորություն տալով առանց տարիներ ծախսելու ուսումնասիրել, թե պետական որ քաղաքականություններն են արդյունավետ եղել և ինչ արդյունքներ են տվել։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ավելի արագ զարգացնել թվայնացումը, ընդլայնել անկանխիկ վճարումների կիրառումը և ստվերային տնտեսության կրճատման արդյունքում լրացուցիչ միջոցներ ուղղել զարգացման ծրագրերին։

Նիլակշի Սահան նաև հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով առողջապահության, կրթության, մշակույթի, պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտները։

Նրա խոսքով՝ հատկապես վերջին չորս-հինգ տարիներին երկկողմ հարաբերություններն էականորեն խորացել են, և համագործակցության բոլոր ուղղություններով արձանագրվում է դրական առաջընթաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում