Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Հնդկաստան՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այդ երկրի նկատմամբ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը հետաձգելուց մի քանի օր անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հնդկաստանի արևմտյան Մումբայ և Ջամնագար քաղաքներ երկօրյա այցի ընթացքում Ռուբիոն նախատեսում է հանդիպել կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը և միլիարդատեր Մուկեշ Ամբանին՝ աշխարհում խոշորագույն նավթավերամշակման համալիրներից մեկը շահագործող Reliance Industries ընկերության նախագահը։
Ռուբիոն ժամանել է երկրի ֆինանսական կենտրոն՝ Մումբայ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ջայշանկարի հետ։
Վերջին օրերին Ռուբիոն և այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ երկու երկրի միջև համապարփակ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են։ Ըստ Reuters-ի՝ սա մեծացնում է հավանականությունը, որ համաձայնագիրը կստորագրվի հենց նրա այցի ընթացքում։
Հոկտեմբերի 16-ին Թրամփը կասեցրել է լրացուցիչ մաքսատուրքերը, որոնք պետք է սահմանվեին Նյու Դելիի նկատմամբ ռուսական հում նավթի մեծածավալ գնումների համար։ Թրամփի կողմից սեպտեմբերին ստորագրված օրենսդրական ակտը վարչակազմին թույլ է տալիս մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի ներմուծման ծավալներով առաջատար հինգ երկրի նկատմամբ։ Այդ ցանկում Հնդկաստանը երկրորդ տեղում է՝ Չինաստանից հետո։
Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ մաքսատուրքերը կասեցնելու որոշման վրա ազդող գործոններից մեկը եղել է Հնդկաստանից առևտրային համաձայնագրի վերջնականացմանն ուղղված ջանքերը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը դիվերսիֆիկացնում է ներմուծվող էներգակիրների աղբյուրները՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական հում նավթից, թեև շարունակում է ամեն օր Ռուսաստանից միլիոնավոր բարել նավթ գնել։