Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 13-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։
Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։