Աշխարհ

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

3 րոպեի ընթերցում

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Հնդկաստանի ընդդիմադիր ուժերը՝ Ռահուլ Գանդիի գլխավորությամբ, փորձում են անարխիա ստեղծել երկրում՝ իշխանության հասնելու ձգտմամբ, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախարարը քննադատել է ընդդիմությանն Ընտրական հանձնաժողովի դեմ բողոքների ակցիաների համար՝ մեղադրելով նրանց քաղաքական հուզումներ ստեղծելու և կառավարությունն ապակայունացնելու փորձերի համար։ Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչներն օգտագործում են երիտասարդությանը մայրաքաղաքում անկարգությունների ստեղծման նպատակով և ձգտում են կառավարության փոփոխության՝ ժողովրդավարական գործընթացից դուրս։

«Դելիում տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր։ Թվում է, թե «Կոնգրեսը» (խմբ.՝ «Հնդկաստանի ազգային կոնգրեսը» (ՀԱԿ)՝ Ռահուլ Գանդիի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունը) և նրա դաշնակիցները փորձում են անարխիա ստեղծել երիտասարդության միջոցով», - ասել է Սինգհը։

«Նրանք ցանկանում են իշխանափոխություն իրականացնել՝ հետևելով Բանգլադեշի օրինակին, մինչդեռ մյուսներն ասում են կառավարության ապակայունացման մասին», - շարունակել է նա՝ հավելելով, որ ընդդիմության պայքարը մղվում է ոչ թե արդար ընտրությունների, այլ իշխանությունը զավթելու համար։

Հոկտեմբերի 10-ին Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել Cockroach Janta Party (CJP, «Խավարասերների ժողովրդական կուսակցություն») երիտասարդական շարժման ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային չարտոնված բողոքի ակցիա՝ Ընտրությունների գլխավոր կոմիսար Գյանեշ Կումարի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցները նրան մեղադրել են 2024 թվականի վերջին  խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումների համար։ CJP-ի պնդմամբ՝ «անվավեր է ճանաչվել, ընդհանուր առմամբ, ավելի քան 130 միլիոն ձայն»։ Ավելի ուշ իրավապահ մարմինները ձերբակալել են շարժման մի քանի առաջնորդի։

Հոկտեմբերի 16-ին Նյու Դելիի կենտրոնում նախատեսվում են նոր բողոքի ակցիաներ։ Ոստիկանությունը քաղաքում ուժեղացրել է անվտանգության միջոցները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում