Աշխարհ

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

3 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Հնդկաստանի Cockroach (թարգմ.՝ խավարասեր) երիտասարդական շարժման ղեկավարները հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են այն բանից հետո, երբ ցատկել են արգելապատնեշների վրա՝ մտնելով հանրաճանաչ պատմական աստղադիտարանի տարածք՝ պահանջելով գլխավոր ընտրական հանձնակատար Գյանեշ Կումարի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Cockroach Janta կուսակցության (CJP) և ընդդիմադիր խմբերի կողմնակիցներն այս ամիս գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով հանձնակատարի հրաժարականն ընտրացուցակներում փոփոխությունների պատճառով, որոնք, ըստ քննադատների, ձեռնտու են վարչապետ Նարենդրա Մոդիի «Բհարատիա Ջանատա» կուսակցությանը (BJP):

Ընտրական հանձնաժողովը հերքել է որևէ կուսակցության նախապատվություն տալու մեղադրանքը և հայտարարել, որ սխալմամբ ջնջված ընտրողները կարող են վերագրանցվել, մինչդեռ «Բհարատիա Ջանատա» կուսակցությունը մեղադրել է մրցակիցներին ժողովրդավարությունը խաթարելու փորձերի համար՝ նշելով, որ նրանք անարդարացիորեն կասկածի տակ են դնում օրինական ընտրական գործընթացները։

Հոկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ միացել են ընդդիմադիր խմբերի բողոքի երթին այն բանից հետո, երբ ճնշող միջոցների պատճառով Cockroach Janta կուսակցության՝ հանգստյան օրերին նախատեսած ցույցը խափանվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է հազարավոր ցուցարարների։

Դելիի ոստիկանությունը հոկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող «Ջանթար Մանթար» (Jantar Mantar) բացօթյա աստղադիտարանն այլևս չի համարվում բողոքի ցույցերի պաշտոնական վայր՝ հավելելով, որ ընտրվել է երեք նոր վայր։

Cockroach Janta կուսակցությունը հայտնել է, որ իր ղեկավարներ Աշուտոշ Ռանկան, Սաուրավ Դասը և Աջինկյա Շինդեն այն մոտ 20 կամավորների թվում էին, որոնք գաղտնի մուտք էին գործել աստղադիտարան՝ այն «հետ վերցնելու» նպատակով, և ձերբակալվել էին։

Reuters-ը նշում է, որ երիտասարդական շարժումը, որը վերջին ամիսներին բողոքի ակցիաներ է կազմակերպել տարբեր խնդիրների դեմ՝ սկսած պետական ​​դպրոցների ենթակառուցվածքներից մինչև աշխատատեղեր, Մոդիի և նրա կուսակցության համար ամենալուրջ քաղաքական մարտահրավերներից մեկն է նրա իշխանության 12 տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում