Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել
1 րոպեի ընթերցում

Լեհաստանի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել Ուկրաինայում հայտարարված օդային տագնապի ֆոնին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X հարթակում հաղորդագրության մեջ նշում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևմուտքի թիրախներին հասցրած ավիահարվածների պատճառով հերթապահություն են իրականացնում Լեհաստանի ավիացիան և ՆԱՏՕ-ի ավիացիան։
Նաև բարձրագույն պատրաստվածության աստիճանի են բերվել ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները։
«Այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են օդային տարածքի անվտանգության ու պաշտպանության ապահովմանը, հատկապես՝ սպառնալիքի գոտիներին հարակից շրջաններում», - ընդգծել են հրամանատարությունում։
Այնուհետև մեկ այլ գրառման մեջ հրամանատարությունը նշում է, որ ավարտել է Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ապահովման հետ կապված գործողությունները։ Բոլոր համակարգերը վերադարձվել են ստանդարտ օպերացիոն գործողությունների։ Նշվում է, որ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել։