Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է». Կայա Կալաս
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է», Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։
Նա ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ գործարք կնքելու որոշման կապակցությամբ։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթի վրա՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Եվ, իհարկե, հույս ունենք, որ դա կանենք ամբողջ աշխարհում մեր բոլոր գործընկերների հետ միասին», - նշել է Կալասը։
«Մենք փորձում ենք նաև համոզել մեր ամերիկացի գործընկերներին, որ եթե ցանկանում ենք վերջ դնել այս պատերազմին, ապա պետք է սեղմել ագրեսորին, քանի որ խոսքը ոչ միայն այս պատերազմն ավարտելու մասին է, այլև երաշխավորելու, որ Ռուսաստանն այլևս նոր պատերազմներ չսկսի», - հավելել է նա։
Կալասը նաև անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև աճող լարվածությանը, որի ֆոնին սահմանափակումներ են կիրառվել Ուկրաինայի կողմից Starlink արբանյակային տեխնոլոգիայի օգտագործման հարցում, որը պատկանում է Իլոն Մասկի ղեկավարած SpaceX ընկերությանը։
«Starlink-ն իսկապես անհրաժեշտ է Ուկրաինային։ Եվ, ցավոք, կարճաժամկետ հեռանկարում Եվրոպան չի կարող փոխարինել այդ հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով այսօր մենք քննարկում ենք նաև պաշտպանական պատրաստվածության հարցը», - ասել է Կալասը։
ԵՄ պաշտոնյան նաև մատնանշել է, որ Ուկրաինայում սպասվող ձմեռը լինելու է «իսկապես ծանր» և «դաժան», քանի որ Ռուսաստանն ուժգնացնում է իր անդադար հարձակումները։
«Ռուսաստանի կողմից մենք որևէ նշան չենք տեսնում, որ նրանք ցանկանում են դադարեցնել այս պատերազմը կամ պատրաստ են որևէ տեսակի զինադադարի։
Եվ հենց այդ պատճառով մենք պետք է օգնենք ուկրաինացիներին գոյատևել և պաշտպանել իրենց երկիրը», - շեշտել է նա։