Չինաստան

Երևանում ամփոփվեցին «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլի արդյունքները

3 րոպեի ընթերցում

Երևանում ամփոփվեցին «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլի արդյունքները

Երևանում տեղի ունեցավ «Չինարենի կամուրջ» 25-րդ համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Չինարենի կամուրջ» (Chinese Bridge) համաշխարհային մրցույթը, որն այս տարի անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո, նպատակ ունի խթանել միջմշակութային երկխոսությունը, ամրապնդել Հայաստան-Չինաստան կրթամշակութային կապերը և աջակցել հայ ուսանողների՝ չինարեն սովորելու և առաջխաղացման գործընթացում։

Միջոցառման բացմանը ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը նշեց, որ 25 տարիների ընթացքում մրցույթին մասնակցող երկրների թիվն ավելի ընդգրկուն է դարձել։

«Օտար լեզուների ուսուցումն աշխարհագրական և մշակութային սահմանները հաղթահարելու, տարբեր երկրների մարդկանց հետ շփվելու և բարեկամություն հաստատելու ամենահարմար միջոցն է։ Այդ պատճառով մենք լեզուն համեմատում ենք կամրջի հետ, իսկ չինարենն այն կամուրջն է ոչ միայն դեպի Չինաստան, այլ նաև աշխարհ»,-ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ մրցույթի մասնակիցներ իրենց նպաստը կբերեն Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև հայկական մշակույթի տարածմանն աշխարհում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Դանիելյանը միջոցառումը կարևորեց Հայաստանի և Չինաստանի միջև կրթամշակութային, գիտական ու երիտասարդության ոլորտում համագործակցության կապերի զարգացման տեսանկյունից։

 «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին մենք ունենք հարաճուն աճ այդ առումով, ի դեմս՝ Հայաստանում շատ արդյունավետ գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի, Հայ-չինական բարեկամության դպրոցի, կրթաթոշակային ծրագրի, որ Չինաստանի մեր գործընկերները տրամադրել են նաև մեր երկրին»,-նշեց Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է Չինաստանում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր։

Փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցումը դպրոցականների շրջանում, այդ թվում՝ նրանց չինարենի իմացության խորացումը։

Մրցույթին, որը ներառում է չինարենի իմացության ստուգում, ինչպես նաև ստեղծագործական-մշակութային կատարումներ, մասնակցում են Հայաստանի տարբեր բուհերից ու դպրոցներից ուսանողներ, դպրոցականներ:

Հայաստանյան փուլում մրցույթի առաջին հորիզոնականը զբաղեցրեցին Հայաստանի Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամի ուսանող Հայաստան Հմայակյանը, իսկ դպրոցական և տարրական դպրոցի տարիքային խմբերում՝ համանուն բուհի Կոնֆուցիուսի ինստիտուտի սովորողներ՝ Սաբինա Վարդանյանն ու Մարիամ Լուսե Ռուբինյանը։

«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլն անցկացվում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի համակարգմամբ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում