Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 2-5-ը կանցկացնի «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս տարի փառատոնն ունի շուրջ 500 մասնակից Հայաստանից և արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլ երկրներից։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը նպատակ ունի բացահայտելու զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը, նպաստելու նրանց կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը՝ ստեղծելով կրթամշակութային կյանքում նրանց ակտիվ ներգրավման հավասար պայմաններ։
Հոկտեմբերի 2-ին ժամը 17:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում կանցկացվի «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Երաժշտական կատարումներով հանդես կգան Երևանի և ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սաները, ինչպես նաև փառատոնի արտերկրի մասնակիցները։
Հոկտեմբերի 3-ին ժամը 17:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում /«Black Box»/ կներկայացվեն թատերական բեմադրություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների մասնակցությամբ:
Հոկտեմբերի 4-ին ներառական ոլորտի մասնագետների համար առցանց ձևաչափով կանցկացվի վարպետության դաս-սեմինար՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։
Հայաստանում ներառականության զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ոլորտում շարունակական կրթության ապահովմանն ուղղված վարպետության դասին կմասնակցեն տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ, ծնողներ և խնամակալներ։
Հոկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես կգան հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի երաժիշտ-կատարողների և երաժշտական խմբերի հետ։
Այս տարի փառատոնին մասնակցում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը, հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաև Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, «Նեմրա», «Լավ Էլի», «Գաթա» բենդերը և այլ անվանի երաժիշտներ ու երաժշտական խմբեր։
Գալա համերգի շրջանակում Ազատության հրապարակի տարածքում կկազմակերպվի նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
2019 թվականին հիմնադրված «Կողք կողքի» փառատոնը տարիների ընթացքում ընդլայնել է իր ձևաչափն ու աշխարհագրությունը։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը երկրորդ տարում դարձել է միջազգային՝ հյուրընկալելով մասնակիցների Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Բահրեյնից և այլ երկրներից։
Փառատոնը տարեցտարի ընդլայնում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն՝ նպաստելով ներառական մշակութային միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։