Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը
3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնը սեպտեմբերի 22-27-ը կհյուրընկալի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները» խորագրով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տարածաշրջանում լուսանկարչության շուրջ միջազգային քննադատական երկխոսության նոր հարթակ է, որը համախմբում է լուսանկարիչների, հետազոտողների, համադրողների, հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչների՝ շուրջ 20 երկրից։
«Լուսանկարչության հեծանները» նվիրված է երկու կարևոր հոբելյանի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին և հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի ծննդյան 80-ամյակին։
Այս համատեքստում ծրագիրը լուսանկարչությունը դիտարկում է ոչ միայն որպես գեղարվեստական արտահայտության, այլև հիշողության, պետականաշինության, էկոլոգիայի, ինքնության և պատմության շուրջ քննադատական հետազոտության միջոց։ Համաժողովի ծրագիրն ընդգրկում է վեց ենթավերնագիր, որոնք ուսումնասիրում են լուսանկարչության փոխակերպվող դերակատարությունը ժամանակակից հասարակություններում։

Պանելային քննարկումները կանդրադառնան լուսանկարչության և վերականգնող արդարության հարաբերությանը, արխիվների և հակապատմությունների քաղաքականությանը, լուսանկարչական արտադրության նյութական ու բնապահպանական ազդեցություններին, համահեղինակության և ազգային պետականությունից դուրս լուսանկարչության գործառույթներին, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգությանը և հայկական գեղարվեստական լուսանկարչության նոր գեղագիտության ձևավորման գործում նրա ներդրմանը։ Հնգօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են զեկուցումներ, գիտական ելույթներ, քննարկումներ, դասախոսություններ, հանրային ծրագրեր և հանդիպումներ։ Կկայանա նաև Գագիկ Հարությունյանի ստեղծագործությանը նվիրված բազմավայր հետահայաց ցուցահանդես, որը կներկայացվի Երևանի արվեստային կարևոր հաստատություններում։
Համաժողովի նպատակն է Հայաստանի և տարածաշրջանի լուսանկարչական արվեստը ներառել ժամանակակից միջազգային գիտական և մշակութային քննարկումներում, խթանել լուսանկարչության պատմության ուսումնասիրությունն ու ապագաղութային վերաիմաստավորումը, ինչպես նաև լուսանկարչության ոլորտում ձևավորել երկարաժամկետ համագործակցություններ հայկական և միջազգային հաստատությունների միջև։ Կազմակերպիչների խոսքով՝ համաժողովը նպատակ ունի Երևանը հաստատել որպես տարածաշրջանային կենտրոն, որտեղ լուսանկարչության տեսությունը, պատմությունը, ժամանակակից արվեստը և հանրային քննարկումը ստեղծում են նոր հնարավորություններ միջազգային ճանաչման և հայկական լուսանկարչության հանրահռչակման համար։