Մշակույթ

Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը հաղթել է միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանակարգում

6 րոպեի ընթերցում

Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը հաղթել է միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանակարգում

Հեքիաթագիր, դրամատուրգ, Մովսես Խորենացու մեդալակիր  Էլֆիք Զոհրաբյանը, որը շաբաթներ առաջ դրամատուրգիայի միջազգային մրցույթի հաղթող էր դարձել Նիկոսիայում, օրեր առաջ էլ հաղթել է «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթի անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։

Գրողին մրցանակը տրվել է «Յոթ օր, յոթանասուն տարի» և «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների համար։

Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի հայտարարած մրցույթը տեղի է ունեցել Ալմաթիում։ Այն անցկացվել է «Աշխարհների խաչմերուկ» փառատոնի շրջանակում: Մրցույթին մասնակցել են հեղինակներ շուրջ 15 երկրից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  անգլերեն հեքիաթների ժյուրիի անդամների մեծ մասը Լոնդոնից է եղել և չի կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը, բայց նրանցից երկուսը մասնակցել են միջոցառմանը։ Դահլիճում են եղել նաև Ղազախստանի և Բաշկորտոստանի նշանավոր մշակույթի գործիչներ, այդ թվում՝ ղազախ նշանավոր պոետ և կինոռեժիսոր Բախտիժան Կանապյանովը, որը Հայաստանի մասին հիացմունքով է խոսել։

Մրցանակակիր են դարձել նաև ղրղզ գրող Նարգիս Կարասարտովան՝ «Հյու սիրամարգը» հեքիաթով, ղազախ մանկագիր Կանժեգուլ Ագուդիլովան՝ The Magic Race. Agila հեքիաթով և այլք։

Զոհրաբյանը ելույթում շնորհակալություն է հայտնել գիլդիային ու ժյուրիին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, առանց որի աջակցության Ալմաթիում չէր լինի:  Նա հիշատակել է Հովհաննես Թումանյանին ու ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևին, ապա դահլիճին անակնկալ է մատուցել՝ ղազախերեն մի քառյակ արտասանելով Աբայ Կունանբաևից։

Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան շեշտել է, որ այսօր տղամարդ հեքիաթագիրները քիչ են. հեքիաթ լսել շատերն են սիրում, բայց հումորով, վառ ու նրբանկատ գրել քչերին է տրված։ «Էլֆիքին դա լիուլի է տրված։ Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհում, երբեմն կատակով «կսմթում» է, դրդում մտորելու, բայց միշտ՝ անսահման սիրով»,-նշել է նա։

Ուզբեկստանից հայտնի մանկագիր Ելենա Մակարովան, որին OCA People նախագիծը Կենտրոնական Ասիայի գրականության 40 ամենանշանավոր դեմքերից է համարել, Զոհրաբյանի՝ վերջերս լույս տեսած «Փետրվարի 30» նորաշունչ հեքիաթների գրքից առանձնահատուկ է համարել «Յոթ օր, յոթանասուն տարի» հեքիաթի փիլիսոփայությունը։ Ըստ նրա՝ ասված խոսքն ու նետված քարը հետ չեն գալիս, ուստի պետք է ապրել այնպես, որ հետո չզղջաս։

Գիլդիայի հանդիպումն Ալմաթիում նա անվանել է առաջին աստիճան դեպի «Էլֆիքի նման նոր արևի ծագումը»։

Էլֆիք Զոհրաբյանը նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է, ուստի փառատոնի օրերին էլ չի մոռացել իր ուսանողներին ու դասախոսներին։ Պաշտոնական այցով հանդիպել է Թեմիրբեկ Ժուրգենովի անվան արվեստների ակադեմիայի պարարվեստի և թատրոնի ֆակուլտետների դեկանների ու միջազգային կապերի բաժնի ղեկավարի հետ։ Քննարկել են համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ փոխադարձ վարպետության դասերը՝ մտածելով Վանաձորի ուսանողների համար նոր դռներ բացելու մասին։

Մրցանակաբաշխությունից հետո բազմազգ մրցանակակիրներին հրավիրել են Եվրասիայի ամենամեծ՝ Ալ Ֆարաբիի անվան համալսարան՝ հանդիպելու Լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ։ Այնտեղ հայ հեքիաթագիրը պատմել է Հայաստանի գրական ու մշակութային կյանքի մասին և էկրանի առջև հայտնվող ապագա լրագրողներին մի քանի մասնագիտական խորհուրդ է տվել ձայնի մշակվածության, մատուցման արվեստի ու դերասանի վարպետության մասին։

Սա հեղինակի 4-րդ միջազգային մրցանակն է, երկուսը՝ դրամատուրգիայից, երկուսը՝ հեքիաթագրության համար (Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակ՝ «Բյուրեղապակե մարդը» հեքիաթի համար):

Այն հարցին, թե ինչ թեմաներով էին գրված մյուս հեքիաթագիրների գործերը և եվրասիական պետությունների մանկագիրների գործերն ինչ առանձնահատկություն ունեին, Էլֆիք Զոհրաբյանը պատասխանում է. «Չհասցրի շատ գործերի հետ ծանոթանալ՝ ծանրաբեռնված օրակարգ ունենալու պատճառով, բայց որոնք կարդացի, շատ պարզ էին, գաղափարապես չէին ծանրաբեռնում ընթերցողին, իրոք երեխաների համար էին գրել»:

Զոհրաբյանը կարծում է՝ պրոֆեսիոնալ հեղինակները պետք է իմանան՝ ինչ է գրվում իրենց ժամանակներում, ինչ ուժեր կան, պետք է իմանան, թե իրենք ինչ տեղում են, ինչ է կատարվում աշխարհում, ինչ ձևեր են փոխվել և այլն։ «Իսկ մթնոլորտն ուղղակի հրաշալի էր. բազմազգ գրողները միանգամայն հարգալից էին միմյանց հանդեպ, հոգատար, շատ սիրալիր: Ոմանք միմյանց արդեն գիտեին ու շատ գնահատանքով էին վերաբերվում իրար»,-նշում է հեղինակը։

Անդրադառնալով հնարավոր համագործակցություններին՝ Զոհրաբյանը տեղեկացնում է՝ գիլդիայի ղեկավարներից մեկը՝ Մարկ Ախմեջանովը, ներկա է եղել մրցույթի, հետաքրքրվել է Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթներով և ասել, որ մի քանի ամսից կներկայանա կոնկրետ առաջարկներով:

Լոնդոնում գործող Eurasian Creative Guild-ն ավելի քան տասը տարի գրողներին, կինոգործիչներին ու նկարիչներին համախմբում է մեկ հարթակում։ Գիլդիայի ծրագրերին մասնակցում են ստեղծագործողներ աշխարհի 83 երկրից։ Այն կազմակերպում է փառատոններ, գրական մրցույթներ ու ցուցահանդեսներ։ Գիլդիայի կինոփառատոնը IMDb-ի հավատարմագրմամբ է, իսկ OCA ամսագիրը Բրիտանիայում Եվրասիայի մշակութային ու քաղաքական կյանքը լուսաբանող անգլալեզու հրատարակություններից է։ «Եվրասիական հեքիաթը» պարզապես հերթական մրցույթ չէ, այլ այդ մեծ ցանցի նոր գրական հանգույցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում