Տնտեսություն

«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

2 րոպեի ընթերցում

«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

Ռուսական «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի «աշխատանքային ժառանգության» վերացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

«Հայաստանցի գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հուսով եմ՝ կկարողանանք օգնել»,- նշել է նա:

Հայաստանում արդիական խնդիր է նախկին քիմիական համալիրում վտանգավոր նյութերից հանրային առողջության և անվտանգության ռիսկերը նվազեցնելու և բարձր ռիսկայնության արդյունաբերական տարածքը անվտանգ, օգտագործելի տարածքի վերածելու հարցը: Կառավարությունը 2025թ. հունիսի 26-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրա շրջանակներում 1,5 մլն դոլար դրամաշնորհ էր տրամադրվելու տալու Հայաստանին, որպեսզի նախապատրաստվեր «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագիրը։

Լիխաչովը Պուտինի հետ հանդիպմանը նաև հավելել է, որ աշխատանքները շարունակվում են նաև Հայաստանի ատոմակայանում: «Չի կարելի մի կողմ թողնել Հայաստանը, քանի որ մենք երկարեցնում ենք կայանի գործունեությունը: Այնտեղ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե ինչ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչովը:

Հայաստանն արդեն հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկվեն նոր ատոմակայան կառուցելու համար։ Որոշվել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տեսակի։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում