Մշակույթ

Մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը, մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավանդույթի համաձայն՝ փառատոնի բացման համերգը նվիրված է եղել Կոմիտասին՝ ներկայացնելով նաև հայ և համաշխարհային երաժշտարվեստի տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններ։

Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը։

Անդրադառնալով փառատոնի ժամանակագրությանը՝ նա նշել է, որ առաջին միջազգային փառատոնը կայացել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակներից են Հայաստանում երգեհոնային արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանումը, Վահագն Ստամբոլցյանի հիմնած դպրոցի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, նոր սերնդի կատարողների խրախուսումը և միջազգային մասնագիտական կապերի ընդլայնումը։

Արմեն Սուքիասյանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երգեհոնային արվեստը Հայաստանում նոր զարգացում է ստացել և գրավել նաև միջազգային մասնագիտական հանրության ուշադրությունը։ Այս հետաքրքրության մասին են վկայում աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցելու վերաբերյալ ստացվող առաջարկները։

Բացման համերգին ելույթներով հանդես են եկել երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Աննա Առուստամյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ Մասնակցել են նաև ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը, սրնգահարուհի Հասմիկ Հարությունյանը, թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը և «Գյուրջիև անսամբլ»-ի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ծրագրում հնչել են Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու, Էդուարդ Բաղդասարյանի, Գարի Քյոսայանի, Միքայել Թարիվերդիևի, Արթուր Ավանեսովի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Առանձնահատուկ դրվագներից էր Էդուարդ Հայրապետյանի՝ Ներսես Շնորհալու շարականների հիման վրա գրված «Շարականներ» ստեղծագործության առաջին կատարումը։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը՝ համերգային և հատուկ ծրագրեր ներկայացնելով Երևանում, Կապանում և Չարենցավանում։

Սպասվում են համերգներ միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարների մասնակցությամբ՝ շվեյցարացի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովե, Նորվեգիայում բնակվող սերբ երգեհոնահարուհի Միլիցա Ռադովանովիչ և ճապոնացի երգեհոնահարուհի Հիրոկո Ինոյե։

Կիրականացվեն նաև հոբելյանական համերգներ՝ նվիրված Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին, Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում