ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր նշելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
«Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք հանրային ծառայության տարբեր տեսակների, մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն ամփոփող մեկ օր ևս»,- ասաց Քալաշյանը:
Վաչե Քալաշյանն ընդգծեց՝ հունիսի 23-ը պատահական օր չէ:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 23-ը դեռևս 2002 թվականին սահմանվել է, որպես հանրային ծառայողի օր, և ՄԱԿ-ի կողմից խրախուսվել և հորդորվել է անդամ երկրներին, որպեսզի այս օրը կարևորեն հանրային ծառայողի դերակատարությունը պետական կառավարման, հանրային շահերի սպասարկման և մյուս բոլոր այն առաքելությունների մեջ, որ հանրային ծառայողն ունի»,- նշեց նա:
Օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ 6 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: