Հայաստան

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

4 րոպեի ընթերցում

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում օրերս արձանագրված մահվան դեպքին, որի առնչությամբ շրջանառվում է թոքային ժանտախտի կասկածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի Իրկուտսկի շրջանի բնակչուհու՝ ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժանտախտային ծառայության աշխատակցի մոտ արձանագրվել է մահ՝ թոքային ժանտախտի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են տվյալ անձի հետ։

Նախնական վարկածով՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ ժանտախտի հարուցիչով սրվակի կոտրվելու հետևանքով։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ, լաբորատոր հետազոտությունները շարունակվում են։

ՌԴ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ իրականացնում է անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համալիրը։ Բոլոր հայտնաբերված կոնտակտավորները գտնվում են բժշկական հսկողության ներքո։ Այս պահին նրանց շրջանում հիվանդության նշաններ չկան, իսկ լաբորատոր հետազոտությունների արդյունքները բացասական են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ևս արձագանքել է Իրկուտսկի շրջանում ժանտախտի ենթադրյալ բռնկման մասին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ԱՄՆ վարչակազմը հետևում է իրավիճակին և գնահատում հնարավոր գործողությունների տարբերակները։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ Միացյալ Նահանգներում տարեկան միջինում գրանցվում է ժանտախտի մոտ 7 դեպք։

 Ի՞նչ է ժանտախտը

Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Yersinia pestis մանրէն է։ Վարակի հիմնական բնական պահոցներն են կրծողները և այլ մանր կաթնասունները, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։ Վարակը կարող է փոխանցվել մի քանի ճանապարհով՝ վարակված լվերի խայթոցի, վարակված կենդանիների հետ անմիջական շփման, օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև վարակված կենդանական ծագման սննդամթերքի օգտագործման հետևանքով։

Ժանտախտի հիմնական ձևերը

Հիվանդությունն ունի մի քանի ձև։ Մաշկային ձևի դեպքում հարուցիչի ներթափանցման հատվածում առաջանում է մաշկի և հարակից հյուսվածքների ախտահարում, որը հաճախ կարող է վերածվել բուբոնային ձևի։ Բուբոնային ձևը հիվանդության առավել տարածված ձևն է։ Ախտահարվում են ավշային հանգույցները, որոնք բորբոքվում և մեծանում են՝ վերածվելով ցավոտ գոյացությունների՝ բուբոնների։ Ակնային ձևը հազվադեպ է և զարգանում է աչքի ուղղակի կամ անուղղակի ախտահարման հետևանքով։ Թոքային ձևը հիվանդության ամենավտանգավոր և խիստ վարակիչ ձևն է։ Ախտահարվում են թոքերը, զարգանում է ծանր թոքաբորբ։ Բուժման բացակայության կամ ոչ ժամանակին իրականացված բուժման դեպքում մահաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի։ Սեպտիկ ձևի դեպքում հարուցիչը տարածվում է արյան մեջ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմի ախտահարում՝ սեպսիս։ Մենինգեալ ձևը հիվանդության առավել ծանր ընթացքով ձևերից է, որի դեպքում ախտահարվում են գլխուղեղի թաղանթները։ Այն կարող է զարգանալ որպես սեպտիկ կամ թոքային ձևերի բարդություն։

Ինչպե՞ս է բուժվում ժանտախտը

 Չնայած հիվանդության վտանգավորությանը՝ ժանտախտը բուժելի է։ Ժամանակին ախտորոշման և համապատասխան հակաբիոտիկային բուժման դեպքում ապաքինման հավանականությունը բարձր է։ Թոքային ժանտախտի դեպքում հատկապես կարևոր է վաղ ախտորոշումն ու բուժման արագ սկսումը, քանի որ հիվանդության այս ձևը կարող է ծանր ընթացք ունենալ և փոխանցվել մարդուց մարդուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում