Հայաստան

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից  տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից  տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,-նշված է նախարարի գրառման մեջ։

Անահիտ Ավանեսանը ԶԼՄ-ներին հորդորել է  հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

«Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-հավելել է նախարարը:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը և չէր բացառել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Այդ մասին հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում