Հայաստան

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման մեջ նշել է, որ վերջին տարիներին նկատվում է հիվանդության վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց։

«2018-2024 թվականներին I-III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի։ Միաժամանակ IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի»,-նշել է նախարարն իր գրառման մեջ։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1 478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9,5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։

«Պետության կողմից շարունակվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։

2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1 277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։

2020-2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։  Խրախուսում եմ կանանց չհետաձգել բժշկական զննություններն ու անհրաժեշտ հետազոտությունները և հետևել մասնագետների խորհուրդներին»,-ավելացրել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում