Մարզեր

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում

2 րոպեի ընթերցում

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել 2026 թվականին անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի մարզային փուլում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզում ռազմամարզական խաղերի ներդպրոցական փուլն անցկացվել է մինչ սեպտեմբերի 18-ը։ Այս փուլում ձևավորված դպրոցական թիմերը սեպտեմբերի 24-25-ը մասնակցել են համայնքային փուլին, որն անցկացվել է  Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։

Համայնքային փուլում 1-ին տեղեր գրաված թիմերն իրավունք էին ստացել մասնակցելու մարզային փուլի մրցումներին, որն անցկացվել է  հոկտեմբերի 2-ին՝ Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի մարզադաշտում։

Մրցապայքարը տեղի է ունեցել ռազմամարզական խաղերի ծրագրով, որը ներառում է նռնակի նետում հեռավորության վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000 մետր, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժաձևերից։

Ծավալվել է հետաքրքիր և համառ պայքար, որի արդյունքում հավաքած 1414 միավորով հաղթող է ճանաչվել Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։

1015 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է  Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը 750 միավորով՝ Գավառի ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են համապատասխան կարգի հավաստագրեր։

Մարզային փուլում հաղթած Ճամբարակի ավագ դպրոցի թիմը զինղեկ Նիկալ Ճաղարյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի հոկտեմբերի 15-18-ը կայանալիք ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլում։

Ռազմամարզական խաղերն  անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես է գալիս 9-ական տղա մարզիկ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում