Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը
10 րոպեի ընթերցում

Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում Երևանում մեկնարկել է միջազգային ակնաբուժական համաժողովը, որին մասնակցում են բժիշկ-մասնագետներ ոչ միայն Հայաստանի, այլև մի շարք երկրների առաջատար ակնաբուժական կլինիկաներից և համալսարաններից։
Հայկական ակնաբուժության նախագծի 35 տարվա գործունեության ընթացքում սա Հայաստանում անցկացվող 66-րդ բժշկական առաքելությունն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկական ակնաբուժական նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը (ԱՄՆ) ներկաներին ուղղված իր առցանց ելույթում նշեց, որ ավելի քան երեսուն տարի իրենք աշխատում են Հայաստանում ակնաբուժական ծառայությունների բարելավման ուղղությամբ և շարունակում ամրապնդել տարածաշրջանային ակնաբուժական կենտրոններն ու կլինիկաները՝ որակյալ ակնաբուժական ծառայություններն ավելի մոտ և հասանելի դարձնելով դրանց կարիքն ունեցող մարդկանց։

«Միաժամանակ, ընդլայնում ենք մեր կրթական ծրագրերը՝ մասնագիտական կրթաթոշակների և գործնական վերապատրաստումների միջոցով։ Մենք երիտասարդ մասնագետներին ավելի շատ հնարավորություններ ենք տալիս սովորելու, զարգացնելու իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։ Մեր նոր համազգային ծրագիրը կօգնի առաջնային օղակի բժիշկներին ավելի վաղ հայտնաբերել աչքի խնդիրները և անհրաժեշտության դեպքում հիվանդներին ժամանակին ուղղորդել համապատասխան ակնաբուժական ծառայությունների։ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ՝ դպրոցականների տեսողության ստուգման մեր ծրագրի վերջին փուլում մենք հետազոտել ենք շուրջ 20 հազար երեխայի»,- նշեց Օհանեսյանը։
Նա հավելեց, որ իրենք նաև ավելի քան 1100 զույգ ակնոց են տրամադրել դրանց կարիքն ունեցող երեխաներին։ Նախագծի շրջանակում շարունակվում է նաև գլաուկոմայի դեմ պայքարի ծրագիրը՝ դոկտոր Ռիչարդ Հիլի հետ, ինչպես նաև շաքարային դիաբետի ծրագիրը։
«Այսօր, երբ աշխարհի տարբեր անկյուններում այդքան շատ մարդիկ դժվարությունների են բախվում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ։ Այստեղ՝ Հայաստանում, մենք մեր բաժին գործն ենք անում՝ բուժելով հիվանդներին, կիսվելով մեր գիտելիքներով և օգնելով մարդկանց պահպանել իրենց տեսողությունն ու անկախությունը։ Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին հնարավորության սահմաններում օգնել ուրիշներին։ Մենք չենք կարող լուծել բոլոր խնդիրները, բայց կարող ենք իրական փոփոխություն բերել թեկուզ մեկ մարդու կյանքում։ Սա միշտ եղել է «Հայկական ակնաբուժական նախագծի» գործունեության հիմքում»,- ասաց Օհանեսյանը։
Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն իր ելույթում նշեց, որ 1992 թվականից ի վեր սույն նախագծի շրջանակում իրականացվել են աշխատանքներ, որոնք բխում են ՀՀ-ում ակնաբուժությունը զարգացնելու նպատակադրությունից։

«Այս ամենն, իհարկե, սկսել է այն աշխատանքներով, որոնք իրականացվել են և՛ շարժական հիվանդանոցում, և՛ այլ վայրերում։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մեր նախագիծը սկսել է աշխատել մարզային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Այսօր արդեն 16 նման բժշկական հաստատություններ կան, որոնք տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում։ Դրանք ստեղծվել և աշխատում են Հայկական ակնաբուժության նախագծի և գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ»,- նշեց Եղիազարյանը։
Ընթացիկ տարում իրականացված աշխատանքներից նա առանձնացրեց մանկական սքրինինգի Սյունիքի պիլոտային ծրագիրը, որն իրականացվել է ժամանակակից մեթոդոլոգիայով և հնարավորություն է տվել այն դարձնել ընդհանուր ապահովագրության մաս։
«Ընթացիկ տարում իրականացրել ենք նաև մեծաքանակ կրթական ծրագրեր, այդ թվում ՝ մանկաբույժների ինտենսիվ վարժընթացը, որը հայ ակնաբույժների պնդմամբ՝ իրենց համար չափազանց կարևոր է։ Առողջապահության նախարարության խնդրանքով իրականացրել ենք ընտանեկան բժիշկների համար ակնաբուժական վարժընթացներ։ Սա համազգային ծրագիր է՝ ընդգրկելով ընտանեկան բոլոր բժիշկներին, ովքեր աշխատում են Հայաստանում։ Մենք ունենք շատ լավ թիմ, որը ներդաշնակորեն աշխատում է Երևանի բժշկական համալսարանի, Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և այլ գործընկերների հետ։ Մինչ օրս վարժընթացների օգտակարության վերաբերյալ ստացել ենք շատ լավ արձագանքներ»,- ասաց Եղիազարյանը։
Նա հավելեց, որ նախագծի հեղինակների համար շատ կարևոր էր Առողջապահության նախարարության խնդրանքով իրականացնել «Կարմիր ռեֆլեքսի» վերապատրաստումը նյարդաբանների համար, ինչը շատ լավ հիմք է ստեղծում հետագա ծրագրերի իրականացման համար, որոնց շուրջ արդեն ընթանում են քննարկումներ։
«Կարևորում ենք նաև այն ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ակնաբույժներին մեկ ժամվա ընթացքում շատ արագ որևէ դժվար դեպք քննարկել ամերիկացի և հայ մասնագետների հետ։ Փորձում ենք ստեղծել եղջերաթաղանքի փոխպատվաստման դոնորության ծրագիր, որն իրապես շատ կարևոր է Հայաստանում։ Այդ առումով անհրաժեշտ է իրականացնել իրազեկման աշխատանքներ։ Առաջին քայլերն արված են, ակնկալում ենք լավ արդյունքներ։ Մյուս կարևոր նախաձեռնությունն առնչվում է սկլերալ ոսպնյակների օգտագործման տարածմանը Հայաստանում, որն իրականացնում են հայ բժիշկներն ու ամերիկացի մասնագետները»,- տեղեկացրեց Եղիազարյանը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանն էլ նշեց, որ նման մասնագիտական հարթակները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնել նոր գիտելքքիներ, տեխնոլոգիաներ, մասնագիտական փորձ, այլև ստեղծում են համագործակցության այն միջավայրը, որն անհրաժեշտ է առողջապահության կայուն զարգացման համար։

«Առողջապահության նախարարության համար բժշկական ծառայությունների որակի և անվտանգության բարձրացումը կարևոր ռազմավարական առաջնահերթություններից է, իսկ ակնաբուժական ոլորտում կարևոր է ոչ միայն ժամանակակից և բարձրորակ ծառայությունների հասանելիության ապահովումը, այլև ակնաբուժական հիվանդությունների` ժամանակին կանխարգելումը, վաղ հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը, յուրաքանչյուր պացիենտի համար լավագույն հնարավոր արդյունքի ապահովումը»,- ասաց Մնացականյանը։
Նա կարևորեց Հայկական ակնաբուժական նախագծի ներդրումը Հայաստանի առողջապահության համակարգում։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպությունը տարիների ընթացքում իրականացրել է մեծածավալ աշխատանք ՀՀ-ում ակնաբուժական ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, արդի մոտեցումների ներդրման ուղղությամբ։ Ընդ որում՝ այդ աշխատանքը տեսանելի է ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ակնաբուժական ոլորտի ընդհանուր զարգացման մեջ։
«Նման նախաձեռնությունների ամենամեծ արժեքներից մեկն այն է, որ դրանք հնարավորություն են տալիս միջազգային ու տեղական փորձը բերել մեկ հարթակ, քննարկել ոլորտի իրական խնդիրներն ու միասին մտածել դրանց լուծումների մասին։ Առողջապահության համակարգն արագ է փոխվում։ Նոր տեխնոլոգիաները, թվայնացումը, արհեստական բանականությունը, նոր ախտորոշիչ և բուժական մեթոդները մեզ տալիս են մեծ հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ պահանջում են շատ ինտենսիվ, շարունակական մասնագիտական զարգացում, փոփոխությունների նկատմամբ պատրաստակամություն»,- ասաց Մնացականյանը։
Նրա դիտարկմամբ՝ կարևոր է ունենալ առողջապահական այնպիսի համակարգ, որտեղ ժամանակակից բժշկությունը հասանելի է բուժառուներին, իսկ ծառայությունների որակն ու անվտանգությունը պետք է լինի յուրաքանչյուր ԲԿ-ի օրակարգային առաջնահերթությունը։
Հավելենք, որ սույն նախագծի կամավորների կազմում ոչ միայն վաստակաշատ բժիշկներ են, ովքեր արդեն տասնյակ տարիներ իրենց նվիրվածությամբ աջակցում են նախագծի ծրագրերին, այլև առաջին անգամ ծրագրերին միացած առաջատար ակնաբույժներ, ովքեր ոլորտի միջազգային նորություններն են ներկայացնում հայ գործընկերներին։
Մեկշաբաթյա հագեցած ծրագիրն ընդգրկում է բժիշկ կամավորների և մայրաքաղաքի ակնաբուժական կլինիկաների, ինչպես նաև մարզային ակնաբուժական կենտրոնների ակնաբույժների մասնագիտական քննարկումներ, բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ և այլն:
Համաժողովում կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին վերաբերող զեկույցներ, պոստեր պրեզենտացիաներ, կանցկացվի պանելային քննարկում հայ և ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։